Jump to content

ՀՍՀ/ԱՆՏԻՈՔ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՆՏԻՈՔ (հուն. Άντίοκεια, քաղաք Ասորիքում (Սիրիա), Որոնտես գետի ափին։ Ըստ VII դ. «Աշխարհացոյց»–ի՝ «Ավագն Անտիոք»։ Սելևկյանների աթոռանիստ Ա. հիմնել է Սելևկոս I Նիկատորը մ. թ. ա․ 301-ին և կոչել հոր՝ Անտիոքոսի անունով։ Հելլենիստական մշակույթի խոշորագույն այդ կենտրոնը արագորեն աճեց և բարձր ծաղկմաև հասավ մ. թ. ա. III–I դդ.։ Տիգրան Բ Մեծը, Ասորիքը նվաճելուց հետո, մ. թ. ա. 83–69-ին Ա. դարձրեց Հայոց տերության հարավային թագավորանիստը, ուր նրա անունով ու պատկերով արծաթե դրամներ են հատվել։ Ա. բարձր զարգացում ապրեց Հռոմի կայսրերի օրոք (I – III դդ.)։ Մեծությամբ (շուրջ կես մլն. բնակչություն) և հոյակերտությամբ համեմատվել է Հռոմի հետ։ Ունեցել է շքեղաշուք կառույցներ, ջրմուղ, գիշերը փողոցները լուսավորվել են։ Հռոմի փոխ-հյուպատոսի մշտական աթոռանիստն էր, ուր հաճախ այցելել է կայսրը։ Ա–ում եղել են վաղ քրիստոնեական համայնքներ, և IV դարից այնտեղ հաստատվել է կայսրության 4 պատրիարքարաններից մեկը։ Ա. V դարից անկում է ապրել։ 538-ին Սասանյան թագավոր Խասրով I Անուշիրվանը Ա. ավերեց, հրի մատնեց, բնակչության զգալի մասին կոտորեց կամ գերեվարեց։ Հուստինիանոս կայսեր շինարարական բարեկարգումները (VI դ.) և Ա–ի հզորությունը վերականգնելու ջանքերը ապարդյուն անցան։ Արաբները 647-ին բյուզանդացիներից նվաճեցին Ա. և դարձրին իրենց ռազմական հենարանը Ասորիքում։ Բյուզանդիայի Նիկեփորոս II Փոկաս կայսրը 986-ին, երեքամյա պաշարումից հետո, արաբներից ետ նվաճեց այն։ X դ. Ա. ուներ ստվար հայ բնակչության և հայկական եպիսկոպոսություն։ 978-ին Ա–ի հայերը ապստամբեցին քաղաքը գրաված արաբների դեմ։ XI դ. քաղաքի կառավարիչներ են եղել նաև հայեր։ Ըստ Մատթեոս Ուռհայեցու, 1071–78-ին Ա–ի կառավարիչ (դուկ) է եղել Վասակ Պահլավունին՝ Գրիգոր Մագիսարոս Պահլավանու որդին։ Վասակին հույները փողոցում դավադրաբար սպանեցին։ Սակայն նրա զորաջոկատները հրավիրեցին հայ զորավար Փիլարտոս Վարաժնունուն, որը կարողացավ հաստատվել Ա–ում։ Նույն պատմագիրը վկայում է, որ 1084-ին սելջուկ թուրքերը, օգտվելով Փիլարտոս Վարաժնունու և նրա հեծելազորի բացակայությունից, գրավեցին քաղաքը։ 1086-ին Ա. պաշարեցին խաչակիր ասպետները։ Ա–ի հայերը, սելջուկներից ազատվելու հույսով, օգնում էին խաչակիրներին։ Քաղաքի պարսպի երկու աշտարակի հայ հրամանատար Փիրուզը, բանակցելով խաչակիրների հրամանատար Բոհեմունդ Տարենտացու հետ, նրան ներս թափանցելու հնարավորություն ընձեռեց։ 1098-ի հունիսի 3-ին, 9-ամսյա պաշարումից հետո, խաչակիրները գրավեցին Ա. և հիմնեցին Անտիոքի դքսությունը։ Հայոց Լևոն Բ Սեծ (1198-1219) թագավորը Ա–ին տիրելու ծրագիր ուներ, սակայն նրա ջանքերը հաջողությամբ չպսակվեցին։ 1268-ին քաղաքը նվաճեց և հիմնովին ավերեց Եգիպտոսի սուլթան Բեյբարսը։ Պահպանվել են 360 աշտարակներով ամրացված պարիսպների մնացորդները և հնագույն դարպասները։ Ա–ի տեղում այժմ Անթաքիան է՝ Թուրքիայի Հաթայ վիլայեթին կենտրոնը։

Գրկ. Աստուրյան Հ., Քաղաքական վերաբերություններ ընդ մեջ Հայաստանի և Հռովմա, Վնտ., 1912։ Մանանդյան Հ., Տիգրան Բ և Հռոմը, Ե., 1940։ Downay G., A History of Antioch in Syria, from Seleucus to the Arab Conquest, New Jersey, 1961. Գ. Սարգսյան