ՀՍՀ/ԱՆՏԻՈՔԻ ԴՔՍՈՒԹՅՈՒՆ
ԱՆՏԻՈՔԻ ԴՔՍՈՒԹՅՈՒՆ, խաչակիր ասպետների ստեղծած իշխանություն։ Սահմանները տարածվում էին հյուսիսում մինչև Ջահան գետը, հարավում՝ Լաթաքիա քաղաքի մերձակայքը։ Առաջին խաչակրաց արշավանքի ժամանակ Անտիոք քաղաքին տիրում էին սելջուկ թուրքերը։ Խաչակիրների զորքը երկար պաշարումից հետո 1098-ին գրավում է այն՝ հիմնելով Ա. դ., որի առաջին դուքսն էր Հարավային Իտալիայի Տարենտոս քաղաքի իշխան Բոհեմունդը։ Ա. դ. թեև կախված էր Երուսաղեմի թագավորությունից, սակայն իր գոյության մոտ 170 տարիներին պահպանում էր ինքնուրույնություն։ Ա. դ. մերթ դաշնակցում էր Կիլիկիայի Հայկական թագավորությանն ընդդեմ սելջուկների և Եգիպտոսի մամլուքների, մերթ ձգտում իրեն ենթարկել Կիլիկիայի Հայկական թագավորությունը՝ փորձելով նվաճել Կիլիկիայի դաշտային մասը։ Ա. դ. 1268-ին նվաճեցին մամլուքները։ Տես նաև Անտիոք։
