ՀՍՀ/ԱՆՏԻՈՔՈՍ III
ԱՆՏԻՈՔՈՍ III Մեծ (հուն. Άντίοχοςό Μέγας) (մ.թ.ա. 242–187), Սելևկյանների պետության թագավոր մ. թ. ա. 223-ից։ Սելևկոս II Կալինիկոս թագավորի որդին և հաջորդը։ Ճնշեց Մարաստանի, Պարսկաստանի և Փոքր Ասիայի սատրապների ապստամբությունները։ Մ. թ. ա. 219-ին Պտղոմեոսներից նվաճեց Կղեսուրը, Փյունիկիան և Պաղեստինը, բայց մ. թ. ա. 217-ին, պարտվելով նրանցից, հարկադրված էր ետ վերադարձնել դրանք։ Մ. թ. ա. 212-ին նվաճեց Ծոփքի հայկական թագավորությունը։ Ծոփքի Քսերքսես թագավորի հավատարմությունը շահելու համար իր քույր Անտիոքիսին կնության տվեց նրան։ Սակայն նպատակին չհասնելով՝ նույն Անտիոքիսի միջոցով թունավորեց Քսերքսեսին։ Մ. թ. ա. 212–205-ին Ա. հաղթական արշավանքով հասավ Հնդկաստան՝ հնազանդեցնելով Պարթևաստանը և Բակտրիան։ Արևելյան այս արշավանքի համար ստացավ «Մեծ» պատվանունը։ Մինչև մ. թ. ա. 200 Ա. վերանվաճեց Պաղեստինը և Հայաստանը։ Ստրաբոնի վկայությամբ, Ա. Հայաստանի ստրատեգոսներ կարգեց Արտաքսիասին (տես Արտաշես Ա) և Զարիադրեսին (տես Զարեհ): Փոքր Ասիայի քաղաքների և Թրակիայի համար Ա. պատերազմներ մղեց Պերգամի Եվմենոս II թագավորի դեմ։ Մագնեսիայի ճակատամարտում (մ. թ. ա. 190) ծանր պարտություն կրեց հռոմեացիներից և Ապամեայի պայմանագրով (մ. թ. ա. 188) հրաժարվեց Տավրոս լեռներից արևմուտք ընկած փոքրասիական հողերից և Միջերկրական ծովում նավատորմ ունենալու իրավունքից՝ վճարելով խոշոր ռազմատուգանք։ Սելևկյանների պետությունը անկում ապրեց։ Նրանից անջատվեցին Մեծ Հայքը և Ծոփքը, որտեղ ստեղծվեցին անկախ թագավորություններ։
Գրկ. Մանանդյան Հ., Տիգրան Բ և Հռոմը, Ե., 1940։
