ՀՍՀ/ԱՆՏԻՑԻԿԼՈՆ
ԱՆՏԻՑԻԿԼՈՆ (անտի․.. + ցիկլոն), մթնոլորտի բարձր ճնշման մարզ, ուր կա օդի շրջանաձև շարժում, Հյուսիսային կիսագնդում՝ ժամացույցի սլաքի, Հարավայինում՝ ժամացույցի սլաքին հակառակ ուղղությամբ: Ամենաբարձր ճնշումը կենտրոնում է՝ 1025–1040 մբ (առանձին դեպքերում՝ մինչև 1070 մբ), իսկ դեպի ծայրամասերը այն նվազում է։ Քարտեզների վրա արտահայտվում է համակենտրոն փակ իզոբարներով։ Ա–ի հորիզոնական չափերը կարող են հասնել մի քանի հազար կիլոմետրի։ Առանձնացվում են ցածր և բարձր Ա–ներ։ Ցածր Ա. տարածվում է դեպի վեր մինչև 2–3 կմ, բարձրն ընդգրկում է ամբողջ արոէկոսֆերան և հաճախ ներթափանցում ստրտաոսֆերա։ Զարգացման սկզբում Ա. լինում է ցածր, շարժվում է 30–40 կմ/ժ միջին արագությամբ, միջին տրոպոսֆերայի օդային հոսանքների ուղղությամբ՝ ունենալով շարժման որոշ բաղադրիչ դեպի ցածր աշխարհագրական լայնությունները։ Բարձր Ա. դանդաղաշարժ է։ Վերին շերտերում քամին Ա–ում փչում է իզոբարների երկայնքով, իսկ մերձերկրյա շերտերում թեքվում է դեպի ցածր ճնշումը՝ մինչև 30° և ավելի, տեղի է ունենում օդի հոսք կենտրոնից դեպի ծայրամասը, որի հետևանքով էլ Ա–ում առաջանում են վայրընթաց հոսանքներ։ Ա–ի կենտրոնական մասում դիտվում են թույլ քամիներ, որոնք ծայրամասերում ուժեղանում են։ Ա–ի ժամանակ մեծ մասամբ լինում է պարզ և չոր եղանակ։ Դանդաղաշարժ Ա–ում տարվա տաք ամիսներին երբեմն առաջանում են կույտա–անձրևային ամպեր, տեղում են կարճատև անձրևներ, որոնք հաճախ ուղեկցվում են ամպրոպներով, ցուրտ ամիսներին դիտվում են մառախուղներ:
Ա–ի համար բնորոշ են ջերմաստիճանի ինվերսիաները (ջերմադարձեր)։
