ՀՍՀ/ԱՆՏԻՖՈՆ
ԱՆՏԻՖՈՆ (հուն, άντίφωνօς – պատասխան հնչող), երկձայն երգեցողության ձև, երբ փոխնիփոխ, մեկը մյուսին պատասխանելով երգում են երկու երգիչ, երգիչ և երգչախումբ կամ երկու երգչախումբ։ Կիրառվել է դեռևս հին հրեական տաճարային երգեցողության մեջ, ինչպես և հին հունական ողբերգությունը կատարելիս։ Հայկական պաշտամունքային երգեցողության մեջ այդ ձևը կոչվում է փոխ։ Ա. երգեցողության ծագումը ժողովրդական է, ընդունված է նաև հայ ժողովրդական, մասնավորապես՝ շուրջպարային երգերում, երբ խմբի մեկ մասը մեղեդիի մեկ նախադասությունն ավարտելիս՝ մյուս մասը նրանից առնում է վերջին բառերը և պատասխանում նույն կամ նոր նախադասությամբ՝ առաջ բերելով յուրօրինակ երկձայնություն։ Ա. կիրառվում է նաև ժողովրդական և պրոֆեսիոնալ գործիքային երաժշտության մեջ։ Կոմիտասի խմբերգային ստեղծագործություններում Ա. երգեցողության նմուշներ են «Էն դիզան», «Եղնիկ», «Օրոր, Ադինո», «Սև ա չոբանի շունը»։
(նկ․) Անտիֆոնի օրինակ։ Մի նմուշ հայ գեղջկական պարեղանակներից:
