ՀՍՀ/ԱՆՏՈՆԻՈՍ ՄԱՐԿՈՍ
ԱՆՏՈՆԻՈՍ Մարկոս (Antonios Marcus) (մ. թ. ա. մոտ 83–30), հռոմեական քաղաքական գործիչ, զորավար։ Մոր կողմից եղել է Հուլիոս Կեսարի ազգականը։ Պաղեստինում և Եգիպտոսում պատերազմի (մ. թ. ա. 57–55) ժամանակ առաջ է քաշվել որպես հեծելազորի պետ։ Մ. թ. ա. 49–45-ի քաղաքացիական պատերազմում պաշտպանել է Հուլիոս Կեսարին։ Մ. թ. ա. 43-ին, հանրապետական զորքերի պարտությունից հետո, Օկտավիանոսի և Լեպիդոսի հետ կազմել է 2-րդ եռապետությունը։ Հռոմի տիրույթները բաժանելիս ստացել է արևելյան պրովինցիաները։ Մ. թ. ա. 37-ին ամուսնացել է Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հետ, վարել ցոփ կյանք, եղել բռնակալ, մղել զավթողական պատերազմներ, ջանացել ստրկացնել Արևելքի երկրները։ Մ. թ. ա. 39-ին պարթևներից գրավել է Ասորիքը։ Մ. թ. ա. 36-ին Հայաստանի վրայով արշավանքի է դուրս եկել պարթևների դեմ և օգոստոսին, Ատրպատականի Պրաասպա քաղաքի մոտ ծանր պարտություն կրելով, վերադարձել է Եգիպտոս։ Մ. թ. ա. 34-ին ներխուժել է Հայաստան, ուխտադրժորեն ձերբակալել Արտավազդ Բ–ին։ Հայոց թագավորը տարվել է Եգիպտոս և գլխատվել մ. թ. ա. 31-ին։ Ա. կողոպտել է Երիզայում (Երզնկայում) գտնվող Անահիտ աստվածուհու մեհյանը՝ հափշտակելով նրա ոսկեձույլ արձանը։ Ա. Կլեոպատրային և նրանից ունեցած զա– վակներին է նվիրել Արևելքի մի շարք երկրևեր. վեցամյա Ալեքսանդրը հռչակվել է Հայաստանի և Պարթևաստանի թագավոր, որոնք դեռ պետք է նվաճվեին։ Ա–ի քաղաքականությունը պառակտեց եռապետությունը և նրա դեմ հանեց Հռոմի հասարակական կարծիքը։ Սենատը պատերազմ հայտարարեց Կլեոպատրային։ Մ. թ. ա. 31-ին, Ակտիում հրվանդանի մոտ, Օկտավիանոսը պարտության մատնեց Եգիպտոսի և Ա–ի միացյալ նավատորմը։ Օկտավիանոսի զորքերը, մտնելով Եգիպտոս, պաշարեցին Ալեքսանդրիան, ուր և Ա. ինքնասպանություն գործեց։
Ա–ի գեղարվեստական կերպարը մարմնավորված է Շեքսպիրի «Անտոնիոս և Կլեոպատրա» դրամայում։
Գրկ․ Հրանտ Ք., Արմեն Հ., Անկում Արտաշեսյան հարստության, Բեյրութ, 1967։ Плутарх, Сравнительные жизнеописания, т. 3, М., 1964. Հայ ժողովրդի պատմություն (բազմահատորյակ), հ. 1, Ե., 1971։
