Jump to content

ՀՍՀ/ԱՆՏՎԵՐՊԵՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՆՏՎԵՐՊԵՆ (Antwerpen, ֆլամանդ. aen’t werf – նավաշինարանի մոտ, ֆրանսերեն Anvers), քաղաք Հյուսիսային Բելգիայում, Շելդա գետի և Ալբերտա ջրանցքի վրա, Անտվերպեն նահանգի կենտրոնը։ Առաջին անգամ հիշատակվում է VII դ.։ 675,3 հզ. բն. (1967, արվարձաններով)։ Ծովային, օդային ուղիների և երկաթուղային միջազգային հանգույց է։ XIV–XVIII դդ. Ա. եղել է Արևմտյան Եվրոպայի ֆինանսա–առևտրական գլխավոր կենտրոններից։ Այժմ ևս Ա–ի արտաքին կապերը առաջատար դեր են խաղում։ Նավահանգստի տարեկան բեռնաշրջանառությունը 60 մլն. տ է (1967), որի մոտ 1/3-ը միջազգային տարանցիկ ապրանքներ են։ Արդյունաբերությունը հիմնականում աշխատում է բերովի հումքով (նավաշինություն, մեքենաշինություն, գունավոր մետաղաձուլություն, նավթավերամշակում, քիմիական, տեքստիլ, սննդի արդյունաբերություն, ալմաստների հղկում)։ Ա. Շելդայով բաժանված է երկու մասերի, որոնք իրար միացած են գետի տակ կառուցված թունելներով։ Շելդային է հարում Ա–ի գեղատեսիլ հին մասը, որտեղ բարձր արվեստով առանձնանում են՝ գոթական Օնզե–լիվե–Վրաուէկերկ մայր տաճարը (1352–1616), Աթեն դղյակը (վերակառուցվել է 1520–21), ուշ գոթական Սինթ–Յակոբսկերկ եկեղեցին (1491–1507), «Մսագործների տունը» – (1501–03) և այլ տներ. Գրոտե–մարկտ հրապարակում են ֆլամանդական վերածննդի հուշարձաններ՝ ռատուշան (1561–65, ճարտ. Կ. Ֆլորիս) և XVI դ. գիլդիական տները, բարոկկոյի ոճով են կառուցված Սինթ–Կարոլուս–Բոռոմեասկերկ եկեղեցին (161.4–21, ճարտ. Պ. Խյոյսենս), արքայական պալատը (1743–1745, ճարտ. Յա.Պ. Բաուրսխեյդտ)։ XX դ. կառուցվել են «Տորենգեբաու» բարձրահարկ շենքը (1930–31), օդակայանը (1931, ճարտ. Ա. Յասինսկի), Քիլ բնակելի կոմպլեքսները (1950–55, ճարտ. Ռ. Բրամ, Վ. Մարմանս, Ռ. Մաս), Լյուխտբալը (1955, ճարտ. Հ. վան Քյոյկ) ևն։ Ա–ում գործում են կոնսերվատորիա, առևտրի ինստ.։ Թանգարաններից են՝ Գեղեցիկ արվեստների արքայական թանգարանը (հիմն. 1810), տպագրիչներ Կ. Պլանտենի և Բ. Մորետուսի տունը (կառուցվել է 1576–80), Պ. Պ. Ռուբենսի տունը (կառուցվել է մոտ 1611–18)։

(նկ․) Անտվերպենի գլխավոր հրապարակը։