Jump to content

ՀՍՀ/ԱՆՑԿԱՑՆՈՂ ԽՐՁԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՆՑԿԱՑՆՈՂ ԽՐՁԵՐ բույսերի, բարձրակարգ բույսերի անցկացնող հյուսվածքների ամփոփ խմբերից կազմված բարդ համակարգ, որով ջրում լուծված նյութերը (հանքային և օրգանական) տեղաշարժվում են դեպի օրգանները։ Ա. խ.իրենց կառուցվածքով, ձևով և չափսերով բազմազան են և բնորոշ բույսերի յուրաքանչյուր խմբի համար։ Ա. խ. բույսի օրգանում կարող են դասավորված լինել ծայրային և կենտրոնական մասերում՝ ցրված, անկանոն կամ համատարած շերտով։ Ա. խ–ի հիմնական մասերն են բնափայտը (քսիլեմա) և լուբը (ֆլոեմա)։ Ա. խ., բացի անցկացնող հյուսվածքներից, հաճախ ունենում են մեխանիկական հյուսվածք։ Երբ խրձերը կազմված են միայն անցկացնող հյուսվածքներից, կոչվում են պարզ անոթային, իսկ երբ շրջապատված են մեխանիկական հյուսվածքով՝ անոթաթելային։ Ա. խ. առաջանում են պրոկամբիումի մերիսթեմային հյուսվածքից. մի դեպքում վերջինս ամբողջությամբ կարող է դիֆերենցվել քսիլեմայի և ֆլոեմայի՝ առաջացնելով փակ խուրձ (միաշաքիլ բույսեր), մյուս դեպքում՝ քսիլեմայի և ֆլոեմայի՝ միջև պահպանվում է մերիսթեմային չդիֆերենցված բջիջների շերտ՝ խրձային կամբիում, որն ընդունակ է առաջացնելու բաց խուրձ։ Վ. Փալանջյան