Jump to content

ՀՍՀ/ԱՇԽԱԲԱԴ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՇԽԱԲԱԴ (արաբերեն աշկ – սեր, պարսկերեն աբադ – շեն, ն. Ասխաբադ, 1917–1927-ին՝ Պոլտորացկ), Թուրքմենական ՍՍՀ մայրաքաղաքը։ Միութենական հանրապետությունների մայրաքաղաքներից ամենահարավայինն է։ Գտնվում է Կոպետ դաղի նախալեռներում, Աշխաբադի օազիսում, Կրասնովոդսկ–Տաշքենդ երկաթուղու վրա։ Օդային ուղիներով կապված է Մոսկվայի, Տաշքենդի, Բաքվի ևն քաղաքների հետ, ավտոմոբիլային ճանապարհներով՝ հանրապետության քաղաքների ու գյուղերի, ինչպես նաև Իրանի հետ։ 266 հզ. բն. (1972)։

Ա. հիմնադրվել է 1881-ին՝ որպես ռազմական ամրոց։ Հետագայում եղել է Անդրկասպյան մարզի կենտրոնը և խոշոր առևտրական կետ Ռուսաստանի և Իրանի միջև։ 1906-ի հունիսի սկզբին բռնկում է Ա–ի կայազորի և երկաթուղայինների ապստամբությունը, որը դաժանորեն ճնշվում է։ 1917-ի մարտին ստեղծվում է բանվորա–գյուղացիական սովետ։ Սովետական իշխանություն հաստատվել է 1917-ի դեկտեմբերին։ 1918-ի հուլիսի 11–12-ին սպիտսւկգվարդիական–էսեռական ավազակախմբերը զավթեցին իշխանությունը և գնդակահարեցին աշխաբադյան 9 կոմիսարներին։ 1919-ի հուլիսի 9-ին սովետական զորքերը ազատագրեցին այն։ Ա. մինչև 1924-ը Թուրքեստանի ԻՍՍՀ կենտրոնն էր, 1924-ից Թուրքմենական ՍՍՀ մայրաքաղաքն է, նրա քաղաքական և արդյունաբերական կենտրոնը, տրանսպորտային հանգույցը, լուսավորության, գիտության և արվեստի կարևորագույն օջախը։ Ա–ում են կենտրոնացած ապակու, ցեմենտի, բամբակյա գործվածքեղենի, տրիկոտաժի, կարի, մետաքսաթելի, գորգագործական, կոշիկի, մսի, ալրաղաց, ոչ ալկոհոլային խմիչքների, հրուշակեղենի, մետաղամշակման ու մեքենաշինական (բուլդոզերների, գազօջախների, նավթապոմպերի, գյուղատնտեսական մեքենաների արտադրություն, ջերմաքարշերի, ավտոմեքենաների վերանորոգում ևն), պոլիգրաֆ և կահույքի ձեռնարկությունները։ 1969-ից շարք է մտել Բայրամ–Ալի–Աշխաբադ գազամուղը։

(նկ․) Աշխաբադ։ Ձախից՝ Կ. Մարքսի հրապարակը։ Աջից՝ Մ. Գորկու անվ. թուրքմենական պետական համալսարանը։

Ա–ում են Թուրքմենական ՍՍՀ ԳԱ–ն, համալսարանը, պոլիտեխնիկական, բժշկական և գյուղատնտեսական ինստ–ները, միջին մասնագիտական 12 ուսումնական հաստատությունները, 3 թանգարան, 4 թատրոն, պետական ֆիլհարմոնիան, կինոստուդիան։ Ա. գտնվում է սեյսմիկ գոտում։ 1948-ի երկրաշարժը (9 բալ) համարյա ամբողջությամբ ավերեց քաղաքը։ Ա. արագ վերաշինվեց և դարձավ ավելի բարեկարգ։ Եթե մինչև 1948-ը քաղաքի հիմնական տարածությունը կազմում էր 3 հզ. հա, ապա 1969-ին այն արդեն 7,5 հզ. հա էր։ Կառուցվել են սեյսմակայուն, 3–4 հարկանի բնակելի տներ և հասարակական շենքեր։ Աչքի են ընկնում Թուրքմենստանի կոմունիստական կուսակցության Կենտկոմի, կառավարության, ԳԱ–ի համալիրի, Սոլլանեպեսի անվան ակադեմիական դրամատիկական թատրոնի, համալսարանի, Կարակումշինի վարչության, «Ինտուրիստ» և «Աշխաբադ» հյուրանոցների շենքերը։ Ա–ում հայերը հաստատվել են հիմնականում XIX դ. սկսած և գլխավորապես զբաղվել են գինեվաճառությամբ։

Գրկ. Туркменистан, М., 1969 (серия «Советский союз»).