Jump to content

ՀՍՀ/ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԲԱՆԱԿՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԲԱՆԱԿՆԵՐ, կարմիր բանակի այն զորամասերը, որոնք 1920-ի սկզբի դադարի ժամանակաշրջանում օգտագործվեցին Սովետական Ռուսաստանի քայքայված ժողովրդական տնտեսությունը վերականգնելու համար։ Ա. բ–ի ստեղծումը պայմանավորված էր ժամանակի ծանր իրադրությամբ, երբ ինտերվենտների հարձակման վտանգը ստիպում էր բանակը պահել մարտական պատրաստության մեջ, իսկ դադարի ժամանակ այն օգտագործել խաղաղ աշխատանքում։ Առաջինը Ա. բ–ի վերակազմվեց 3-րդ բանակը (1920, հունվար), այնուհետև՝ 2-րդը, 7-րդը, 8-րդը ևն։ Պահպանելով բանակային կառուցվածքը՝ այդ զորամիավորումները մասնակցեցին երկաթուղային տրանսպորտի, ածխի արդյունաբերության վերականգնմանը, վառելիքի և պարենամթերքի տեղափոխմանը։ Ա. բ. վերացվեցին 1921-ին։