ՀՍՀ/ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ, սովետական իրավունքի ճյուղերից մեկը։ Ա. ի–ի հիմքում ընկած են ՍՍՀՄ Սահմանադրությամբ ամրապնդված աշխատանքի սոցիալիստական կազմակերպման սկզբունքները։ Սովետական Ա. ի. կարգավորում է բանվորների ե ծառայողների աշխատանքային իրավահարաբերությունները, դրանց առաջացման, փոփոխման և դադարման կարգը, աշխատանքային օրվա տևողությունը, վարձատրության չափն ըստ կատարված աշխատանքի քանակի և որակի, սահմանում է աշխատանքային ներքին կարգապահական կանոններ, նախատեսում է խրախուսանքի միջոցներ՝ բարեխիղճ աշխատանքի, և պատասխանատվության միջոցներ՝ աշխատանքի կարգապահությունը խախտելու համար։ Ա. ի. ամրապնդում է սովետական արհմիությունների իրավունքները բանվորների ու ծառայողների աշխատանքային պայմանների բարելավման, նրանց կուլտ–կենցաղային պահանջմունքների բավարարման նպատակով հսկողություն իրականացնելու բնագավառում։ Ա. ի. սահմանում է նաև. ա. արհմիութենական մարմինների և ձեռնարկությունների, հիմնարկների ու տնտեսական կազմակերպությունների իրավահարաբերությունները, բ. բանվորների և ծառայողների՝ ծերության, հիվանդության և հաշմանդամության հետ կապված, նաև մահվան դեպքում նրանց խնամքի տակ գտնվող անաշխատունակ անձանց նյութական ապահովության շուրջը ծագող իրավահարաբերությունները, գ. աշխատանքի պաշտպանության և դ. աշխատանքային վեճերի լուծման կարգը ևն։ Ա. ի, տարածվում է բոլոր բանվորների և ծառայողների վրա՝ անկախ նրանց սեռից, դավանանքից, ռասայից, ազգությունից, սոցիալական ծագումից, դատվածությունից։
