Jump to content

ՀՍՀ/ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԵՐՔԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՆԵՐՔԻՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ, ձեռնարկություններում, հիմնարկություններում, տնտեսություններում աշխատանքը կարգավորող կանոններ։ Նպատակն է՝ նպաստել աշխատանքի նկատմամբ կոմունիստական վերաբերմունքի դաստիարակմանը, ապահովել աշխատանքի սոցիալիստական կարգապահությունը և ճիշտ կազմակերպումը, աշխատաժամանակի լրիվ և արդյունավետ օգտագործումը, աշխատանքի արտադրողականության բարձրացումը և բարձրորակ արտադրանքի թողարկումը։ Կանոններով սահմանվում են նաև ադմինիստրացիայի և աշխատողների պարտականությունները։ Գործող տիպային կանոնները հաստատվել են ՍՍՀՄ Մինիստրների սովետի աշխատանքի և աշխատավարձի հարցերի պետական կոմիտեի 1957-ի հունվ. 12-ի որոշմամբ, ՀԱՄԿԽ–ի համաձայնությամբ։ Կանոնների հիմնական բաժիներն են. 1. Ընդհանուր դրույթներ, 2. Բանվորների ու ծառայողների ընդունման և ազատման կարգը, 3. Ադմինիստրացիայի, բանվորների և ծառայողների հիմնական պարտականությունները, 4. Աշխատանքի ժամանակը և նրա օգտագործումը, 5. Խրախուսման միջոցները, 6. Ներգործության միջոցները աշխատանքային կարգապահության խախտման դեպքերում։ Կանոները պարտադիր են բոլոր բանվորների և ծառայողների համար։