ՀՍՀ/ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ, քաղաքացու և ձեռնարկության (հիմնարկի) միջև կամովին կնքվող համաձայնագիր, որի մի կողմը (աշխատավորը) պարտավորվում է կատարել որոշակի աշխատանքային ֆունկցիա՝ ենթարկվելով տվյալ ձեռնարկության (հիմնարկի) աշխատանքային ներքին կարգ ու կանոնին, իսկ մյուս կողմը (ձեռնարկությունը, հիմնարկը)՝ կազմակերպել նրա աշխատանքն ըստ աշխատանքային օրենսդրության, կոլեկտիվ ու աշխատանքային պայմանագրերի և վարձատրել նրան ըստ աշխատանքի քանակի և որակի։ Ա. պ. կնքվում է ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր. 1. անորոշ ժամկետով, 2. որոշակի ժամկետով, բայց 3 տարուց ոչ ավելի, 3. որոշակի աշխատանքի կատարման ժամկետով։
Բանվորին կամ ծառայողին նույն ձեռնարկությունում (հիմնարկում) այլ աշխատանքի փոխադրելը, ինչպես նաև այլ ձեռնարկություն (հիմնարկ) կամ այլ վայր՝ թեկուզև ձեռնարկության (հիմնարկի) հետ, աշխատանքի փոխադրելը թույլատրվում է միայն նրա համաձայնությամբ, բացառությամբ արտադրական անհրաժեշտության, պարապուրդի և կարգապահական պատասխանատվության ենթարկելու կապակցությամբ ժամանակավորապես այլ աշխատանքի փոխադրման դեպքերի։ Աշխատանքային օրենսդրության համաձայն, Ա. պ. դադարում է. 1. կողմերի համաձայնությամբ, 2. ժամկետի լրացմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատանքային հարաբերությունները փաստորեն շարունակվում են և կողմերից ոչ մեկը չի պահանջել դրանց դադարեցումը, 3. աշխատավորի զորակոչվելու կամ զինվորական ծառայության ընդունվելու կապակցությամբ, 4. կողմերի նախաձեռնությամբ կամ արհմիութենական մարմնի պահանջով Ա. պ–ի լուծման դեպքում, 5. աշխատողի համաձայնությամբ նրան այլ աշխատանքի փոխադրելու կամ ընտրովի պաշտոնի անցնելու պատճառով, 6. աշխատողի՝ ձեռնարկության (հիմնարկի) հետ այլ վայր աշխատանքի փոխադրվելուց հրաժարվելու հետևանքով, 7. դատարանի օրինական ուժ ստացած դատավճռով, որով աշխատավորը դատապարտված է (բացի պայմանական դատապարտման դեպքերի) ազատազրկման, ուղղիչ աշխատանքների (ոչ ըստ աշխատանքի վայրի) կամ տվյալ աշխատանքը շարունակելու հնարավորությանը բացառող այլ պատժի։
Ձեռնարկության (հիմնարկի) ադմինիստրացիայի նախաձեռնությամբ Ա. պ–ի լուծում չի թույլատրվում առանց արհմիության ֆաբգործտեղկոմի նախնական համաձայնության, բացառությամբ ՍՍՀՄ օրենսդրությամբ նախատեսված դեպքերի։
