ՀՍՀ/ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ ՍՍՀՄ ԵՎ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐ ՍՍՀՄ ԵՎ ՄԻՈՒԹԵՆԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, միութենական օրենք, ընդունվել է 1970-ի հուլիսի 15-ին, ՍՍՀՄ VIII գումարման Գերագույն սովետի առաջին նստաշրջանում և կիրարկվել 1971-ի հունվ. 1-ից։ Հիմունքները բաղկացած են 15 գլխից (107 հոդվածով), որոնք կարգավորում են բանվորների և ծառայողների աշխատանքային իրավահարաբերությունները, բովանդակում այնպիսի կարևորագույն ինստ–ներ, ինչպես կոլեկտիվ պայմանագիրը, բանվորների ու ծառայողների և նրանց միավորող արհմիությունների մասնակցությունը արտադրության կառավարմանը։ Ձևակերպված են աշխատանքային պայմանագրի, աշխատաժամանակի ն հանգստի ժամանակի, աշխատանքի վարձատրության, դրա երաշխիքների ու փոխհատուցումների, աշխատանքի գիտակցական կարգապահության, աշխատանքի պաշտպանության, կանանց և երիտասարդների աշխատանքի վերաբերյալ դրույթները։ Առանձին գլուխներ են նվիրված աշխատանքային վեճերի կարգավորման ե աշխատավորների պետ. սոցիալական ապահովագրության հարցերին։ Հատուկ նորմեր են սահմանված աշխատանքային օրենսդրության կենսագործման նկատմամբ հսկողության և վերահսկողության մասին։ Հիմունքներն աշխատանքային օրենսդրության կարևորագույն խնդիրն են համարում նպաստել աշխատանքի արտադրողականության աճին, հանրային արտադրության արդյունավետության բարձրացմանը և այդ հիման վրա աշխատավորների կյանքի նյութական և կուլտուրական պահանջմունքների առավել բավարարմանը։
