ՀՍՀ/ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱ–ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆԳՐԵՍ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱ–ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԱՐՀՄԻՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՆԳՐԵՍ (ԱԱՖ–ԱԱԿ, American Federation of Labor-Congress of Industrial Organizations), ԱՄՆ–ի հիմնական արհմիութենական միավորումը։ Հիմնադրվել է 1955-ի դեկտեմբերին՝ Աշխատանքի ամերիկյան ֆեդերացիայի (ստեղծվել Էր 1881-ին) ն Արտադրական արհմիությունների կոնգրեսի (ստեղծվել էր 1935-ին) միավորումով։ ԱԱՖ–ԱԱԿ ղեկավարությունը հիմնականում կենտրոնացված է արհմիութենական աջ լիդերների ձեռքում, որոնք վարում են դասակարգային համագործակցության քաղաքականություն։ ԱԱՖ–ԱԱԿ ղեկավարությունը կանգնած Է հակակոմունիզմի դիրքերում և նպաստում է ամերիկյան իմպերիալիզմի ագրեսիվ արտաքին քաղաքականության կիրառմանը։ Համաձայնողական դիրքորոշման հետևանքով նրա հեղինակությունը ամերիկյան աշխատավորների շրջանում աստիճանաբար նվազում Է։ Արհմիութենական տեղական կազմակերպությունների ղեկավարների մի մասի մոտ աճում է դժգոհությունը ԱԱՖ–ԱԱԿ ղեկավարության քաղաքականության նկատմամբ։ Նրանք առաջ են քաշում գործադուլային շարժման ուժեղացման, դեմոկրատական ազատությունների և արհմիությունների իրավունքների ընդլայնման պահանջներ։ ԱԱՖ–ԱԱԿ ունի իր տպագիր օրգանները՝ «ԱՖԼ–ՍԻՕ նյուս» («AFL-CIO News») շաբաթաթերթը և «Ամերիկեն ֆեդերեյշնիստ» («American Federationist») ամսագիրը։ ԱԱՖ–ԱԱԿ տիրապետող դիրք է գրավում Ազատ արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայում։
