Jump to content

ՀՍՀ/ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ, աշխատանքի կազմակերպման և արտադրության կառավարման գիտական մեթոդների միագումար։ Ա. գ. կ–ման ծագումը և զարգացումը կապվում է ամերիկացի ինժեներ Ֆ. Ու. Թեյլորի, ինչպես նաև Հ. Ֆորդի, Հելսի և մյուսների գործունեության հետ։ Կապիտալիստական հասարակարգում Ա. գ. կ–ման նպատակը աշխատանքի լարունության բարձրացման միջոցով աշխատավորների շահագործման աստիճանի բարձրացումն է և առավելագույն շահույթի ապահովումը։ Սոցիալիստական հասարակարգում Ա. գ. կ–ման մեթոդները մշակվել են սոցիալիստական արտադրության ստեղծման հետ միաժամանակ՝ Վ. Ի. Լենինի համապատասխան տեսական դրույթների հիման վրա։ Ա. գ. կ–ման տեսությունը զարգանում է հայրենական և արտասահմանյան գիտության և տեխնիկայի նվաճումների, ինչպես նաև արտադրության նորարարների առաջատար փորձի ուսումնասիրության հիման վրա։ Աշխատանքի և պաշտպանության խորհրդի 1921-ի օգոստ. 24-ի որոշմամբ, ստորագրված Վ. Ի. Լենինի կողմից, ստեղծվեց Աշխատանքի կենտրոնական ինստիտուտը, որը և մինչև 1939-ը ղեկավարում էր Ա. գ. կ–ման գործը։ Ներկայումս ամբողջ երկրի մասշտաբով ստեղծվել է Ա. գ. կ–ման ԳՀԻ–ների և կազմակերպությունների ընդարձակ ցանց՝ արտադրական ձեռնարկություններում առանձին հաստիքներով։

Ա. գ. կ–ման հիմնական բովանդակությունը արդյունավետ աշխատապրոցեսի մշակումն է ու ներդրումը, որն իրականացվում է աշխատանքի տնտեսական, տեխնիկական, սոցիալական, հոգեբանական ֆիգիոլոգիական տարրերի համալիր ուսումնասիրության հիման վրա։ Աշխատանքի արդյունավետ կազմակերպման կարևոր հարցերից են. աշխատանքի բաժանման և կոոպերացման փորձի գիտական ընդհանրացում և արտադրության համալիր մեքենայացման և ավտոմատացման պայմաններում համապատասխան մեթոդական հանձնարարականների մշակում, աշխատատեղերի սարքավորում և սպասարկում, աշխատանքի տեխնիկական նորմավորում և աշխատավարձի կարգավորում, սոցիալիստական մրցության կազմակերպում, աշխատանքային բարձր կարգապահության ապահովում ևն։ Աշխատանքի պրոցեսի հոգեբանական–ֆիցիոլոգիական կողմն ընդգրկում է աշխատանքային շարժումների և հնարքների կատարելագործում, աշխատատեղի օգտավետ կազմակերպման ֆիզիոլոգիական հիմնավորում, աշխատանքի և հանգստի ռեժիմի արդյունավետ զուգակցում, կառավարման ավտոմատ համակարգերում աշխատողի հոգեբանական–ֆիզիոլոգիական գործոնների հետազոտություն ևն։ Ա. գ. կ–ման բնագավառում գիտական հետազոտության ընդհանուր մեթոդների հետ միասին կիրառվում են նաև մասնագիտական վերլուծության զանազան ձևեր։ Ա. գ. կ–ման գործում լայն հնարավորություններ և մեծ հեռանկարներ ունի մաթեմատիկական մեթոդների և էլեկտրոնային հաշվիչ մեքենաների կիրառումը։ Վ. Վարդանյան