Jump to content

ՀՍՀ/ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻԳԻԵՆԱ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻԳԻԵՆԱ, հիգիենայի բաժին, որն ուսումնասիրում է մարդու աշխատանքային գործունեությունը, աշխատանքի ընթացքում օրգանիզմի կրած ազդեցությունները, մշակում է գործնական միջոցառումներ բարենպաստ և անվտանգ աշխատանքային պայմաններ ստեղծելու, աշխատավորների առողջությունն ու աշխատունակությունը պահպանելու համար։ Ա. հ. ուսումնասիրում է մարմնի և նրա տարբեր մասերի կատարած շարժումները, լարվածության աստիճանը, աշխատանքի ընթացքում օրգանիզմում տեղի ունեցող ֆիզիոլոգիական պրոցեսների տեղաշարժերը, աշխատավայրի հիգիենիկ պայմանները՝ օդի ջերմաստիճանը, խոնավությունը, շարժման արագությունը, ճնշումը և փոշոտվածությունը, ճառագայթային էներգիայի տարբեր տեսակները, աղմուկը, ցնցումը և այլն, նրանց ազդեցությունը օրգանիզմի վրա և դրանց վերացման միջոցները, արտադրական թույները աշխատանքային միջավայրի օդում, նրանց ազդեցությունը օրգանիզմի վրա, վերացման ուղիները, մշակում սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների չափերը։

Ա. հ. օգտվում է ֆիզիոլոգիայի, կենսաքիմիայի, ֆիզիկայի, քիմիայի, կլինիկական բժշկության, վիճակագրության, տեխնիկայի և գիտության այլ բնագավառների գիտելիքներից և մեթոդներից։ Ա. հ–ի վերաբերյալ գիտական առաջին աշխատանքը տվել է իտալացի բժիշկ Բերնարդինո Ռամացինին։ Նա լույս է ընծայել «Դատողություններ արհեստավորների հիվանդությունների մասին» մենագրությունը (1700)։ Ա. հ–ի ռուսերեն առաջին գիրքը գրել է Ա. Ն. Նիկիտինը՝ «Բանվորների հիվանդությունները նախապաշտպանական միջոցառումների ցուցումներով» (1877), իսկ առաջին օրիգինալ աշխատությունը հրատարակել է Մոսկվայի համալսարանի պրոֆ. Ֆ. Ֆ. Էրիսմանը՝ «Պրոֆեսիոնալ հիգիենա կամ մտավոր և ֆիզիկական աշխատանքի հիգիենա» (1877)։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Մոսկվայում, Լենինգրադում և Սովետական Միության այլ քաղաքներում հիմնվել են աշխատանքի հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների ԳՀԻ–ներ, բժշկական ինստ–ներում՝ Ա. հ–ի ամբիոններ։ ՀՍՍՀ–ում (Հրազդանում) աշխատանքի հիգիենայի և պրոֆեսիոնպլ հիվանդությունների գիտահետազոտական ինստ. հիմնադրվել է 1959-ին, իսկ 1961-ի մարտին այդ ինստ. տեղափոխվել է Երևան և վերանվանվել Ընդհանուր հիգիենայի և պրոֆեսիոնալ հիվանդությունների հայկական գիտահետազոտական ինստիտուտ Ն. Բ. Հակոբյանի անվան։ Ա. հ–ի սկզբունքների հիման վրա մշակվել և հրապարակվել են բազմաթիվ օրենքներ և պարտադիր որոշումներ, որոնց կիրառման հսկողությունը իրականացնում են ՍՍՀՄ Առողջապահության մինիստրությունը և արհմիութենական օրգանները։

Գրկ. Руководство по гигиене труда, гл. ред. Ф. Г. Кротков, т. 1–3, М., 1961–65. Հ. Միրզաբեկյան