ՀՍՀ/ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍՏԱԺ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՍՏԱԺ, բանվորի կամ ծառայողի, կոլտնտեսականի աշխատանքային գործունեության, ինչպես նաև գրողի, կոմպոզիտորի, կերպարվեստի աշխատողի ստեղծագործական գործունեության տևականությունը։ Կա ընդհանուր, անընդհատ և հատուկ Ա. ս.։ Աշխատանքի ընդհանուր ստաժը ամբողջ ստաժի միագումարն է, անկախ ընդմիջումներից։ Ընդհանուր ստաժի մեջ ընդգրկվում է ամեն մի աշխատանք (պետական, կոոպերատիվ, հասարակական կազմակերպություններում, տանը, վարձու աշխատանքը մինչև սովետական կարգերի հաստատումը, աշխատանքը արտասահմանում ևն)։ Աշխատանքի անընդհատ ստաժը բանվորի կամ ծառայողի աշխատանքի անընդհատությունն է միևնույն, իսկ օրենքով նախատեսված դեպքերում, նաև տարբեր ձեռնարկություններում (հիմնարկներում)։ Աշխատանքի հատուկ ստաժը նկատի ունի աշխատանքի տևականություևը առանձին պաշտոններում, պայմաններում կամ աշխատաևքի առանձին տեսակներ։ Ա. ս. աշխատանքային որոշ իրավունքների (աշխատավարձի բարձրացված դրույք, երկարամյա ծառայության համար լրացուցիչ վճար, հերթական և լրացուցիչ արձակուրդ, կենսաթոշակ, նպաստ ևն) հիմք է։
