Jump to content

ՀՍՀ/ԱՇԽԱՏՈՒԺ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՇԽԱՏՈՒԺ, աշխատունակություն, մարդու ֆիզիկական ու հոգևոր ընդունակությունների ամբողջություն, որ նա գործադրում է ամեն անգամ, երբ որևէ սպառողական արժեք է արտադրում։ Բոլոր հասարակարգերում Ա. արտադրության գլխավոր տարրն է։ Արտադրության պրոցեսում մարդը ոչ միայն ներգործում է բնության վրա, այլև հարստացնում է իր արտադրական փորձը, աշխատանքային հմտությունը։ Որոշակի հասարակական տնտեսական պայմաններում Ա. դառնում է ապրանք։ Ստրուկը չէր կարող վաճառել իր Ա., որովհետև պատկանում էր ստրկատիրոջը և իր Ա–ի ազատ տնօրինողը չէր։ Ճորտը նույնպես ագատ չէր տնօրինելու իր Ա., որովհետև անձնական կախվածության մեջ էր ֆեոդալից։ Որպեսզի Ա. դառնա ապրանք, աշխատողը պետք է ազատ լինի իրավական տեսակետից և զուրկ՝ արտադրությաև միջոցներից, հետևաբար, նաև գոյամիջոցներից։ Ընդ որում, Ա–ի սեփականատերը այն պետք է վաճառի մի որոշ ժամանակով, որովհետև, եթե այն վաճառի ընդմիշտ, ապա դրանով կվաճառի հենց իրեն և ապրանքատիրոջից կվերածվի ապրանքի։ Կապիտալիզմի բնորոշ առանձնահատկությունն այն է, որ Ա. բանվորի համար ընդունում է նրան պատկանող ապրանքի, իսկ նրա աշխատանքը՝ վարձու աշխատանքի ձև։ Մյուս կողմից, դրանով իսկ աշխատանքի արդյունքների ապրանքային ձևը ստանում է համընդհանուր բնույթ։ Ա., լինելով առանձնահատուկ ապրանք, մյուս ապրանքների նման, ունի արժեք և սպառողական արժեք։ Ա–ի արժեքը որոշվում է նրա վերարտադրության համար անհրաժեշտ կենսամիջոցների վրա ծախսված միջին աշխատաժամանակով։ Այդ պահանջմունքները պայմանավորված են ֆիզիոլոգիական, պատմական և բարոյական մի շարք գործոններով։ Աշխատավարձը Ա–ի արժեքի փողային արտահայտությունն է կամ նրա գինը։ Աշխատուժապրանքի սպառողական արժեքն արտահայտվում է նրանում, որ նա ստեղծում է իր արժեքից ավելի մեծ արժեք (իր արժեքը + հավելյալ արժեք)։

Սոցիալիզմի ժամանակ արտադրողներն արտադրության միջոցների լիիրավ տերն են։ Հետևաբար, Ա. ապրանք չէ։ Աշխատանքային ռեսուրսները պլանաչափորեն օգտագործվում են՝ ելնելով առանձին աշխատողի և ամբողջ հասարակության շահերից։