ՀՍՀ/ԱՇԽԱՏՈՒԺԻ ՄԻԳՐԱՑԻԱ
ԱՇԽԱՏՈՒԺԻ ՄԻԳՐԱՑԻԱ, աշխատուժի տարագնացություն տվյալ երկրի ներսում կամ մի երկրից մյուսը։ Ա. մ. աննախընթաց չափերի էր հասել արտադրության ֆեոդալական եղանակից կապիտալիստականին անցնելիս։ Այդ ժամանակաշրջանում տնտեսապես քայքայված գյուղացիները զանգվածաբար գնում էին քաղաք՝ վաճառելու իրենց աշխատուժը կապիտալիստական ձեռնարկատերերին։ Իմպերիալիզմի ժամանակ տնտեսական սուր ճգնաժամերի և գործազրկության պատճառով Ա. մ. աճում է ոչ միայն տվյալ երկրի ներսում, այլև դուրս է գալիս նրա սահմաններից։
Սոցիալիզմի օրոք արմատապես փոխվում է Ա. մ–ի նկարագիրը։ Երկրի տնտեսական զարգացման և գործազրկության վերացման պայմաններում Ա. մ. ստանում է պլանային բնույթ և որոշվում է ժողովրդական տնտեսության զարգացման պահանջներով։ Նախահեղափոխական շրջանում Հայաստանից Ա. մ. տեղի է ունեցել դեպի Անդրկովկասի և Հյուսիսային Կովկասի արդ. շրջանները (Զանգեզուրից, Ղարաբաղից և Նախիջևանից գլխավորապես դեպի Բաքու, Կարսի մարզից և Լոռվա շրջանից՝ դեպի Թիֆլիս, Արևմտյան Հայաստանից՝ Կոստանդնուպոլիս, Իզմիր, Եվրոպա և ԱՄՆ)։
