ՀՍՀ/ԱՇԽԱՏՕՐ
ԱՇԽԱՏՕՐ (աշխատանքի ժամանակ), օրվա որոշակի մաս, որի ընթացքում մարդն աշխատում է ձեռնարկությունում կամ հիմնարկությունում։ Ա. փոփոխուն մեծություն է միայն որոշակի սահմաններում։ Ա. բաժանվում է անհրաժեշտ աշխատաժամանակի և հավելյալ աշխատաժամանակի։ Շահագործողական հասարակության մեջ այդ բաժանումն ունի հակամարտ բնույթ, որովհետև հավելյալ աշխատաժամանակում ստեղծված արդյունքները անհատույց յուրացնում են ձեռնարկատերերը։ Հավելյալ արժեքի չափերը մեծացնելու նպատակով կապիտալիստը ձգտում է երկարաձգել Ս. ի հաշիվ հավելյալ աշխատաժամանակի ավելացման։ Կապիտալիզմի օրոք աշխատանքային օրվա տևողությունը որոշվում է բուրժուազիայի և պրոլետարիատի պայքարի հարաբերակցությամբ։
Սոցիալիզմի պայմաններում այն պայմանավորված է աշխատավորների առողջության պահպանության պահանջներով և աշխատանքի արտադրողականության մակարդակով։ Սովետական իշխանության առաջին օրերին դեկրետ հրապարակվեց 8-ժամյա աշխատանքային օրվա մասին, իսկ առանձնապես ծանր և վտանգավոր աշխատանքային պրոցեսներում այն իջեցվեց մինչև 7 և 6 ժամի։ 1956-ին դեռահասների համար սահմանվեց 6 և 4-ժամյա, բանվոր–ծառայողների համար՝ նախահանգստյան և նախատոնական օրերին 6-ժամյա Ա., սկսվեց անցումը 7-ժամյա աշխատանքային օրվա։ 1966–67-ին իրականացվեց անցումը երկու հանգստյան օրով հնգօրյա աշխատանքային շաբաթի՝ պահպանելով շաբաթվա աշխատաժամերի ընդհանուր քանակը:
