ՀՍՀ/ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԹԱՂԱՆԹ
ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ԹԱՂԱՆԹ, երկրագնդի կոշտ, հեղուկ և գազային թաղանթների փոխներթափանցման ոլորտը։ Նյութի կազմությամբ այն երկրագնդի ամենաբարդ մասն է։ Գրականության մեջ Ա. թ–ի հոմանիշներն են «լանդշաֆտային թաղանթ», «բիոգեոսֆերա» (կենսաերկրաոլորտ), «էպիգեոսֆերա» (արտաքին երկրաոլորտ) հասկացությունները։ Ա. թ–ի վերին սահմանը, ըստ ակադ. Ա. Ա. Գրիգորևի, անցնում է ստրատոսֆերայով (օզոնի առավելագույն կուտակման շերտից ցած, 20–25 կմ բարձր, վրա), ստորին սահմանը՝ երկրի մակերևույթի ենթակեղևային շերտով, ըստ երևույթին, «Մոխորովիչիչի մակերևույթից» քիչ ցած։ Ա. թ–ի կառուցվածքի հիմնական առանձնահատկություններն են՝ բաղադրիչ տարրերի փոխադարձ ներթափանցումը, ներքին կազմի հարկայնությունը և տարածական բարդ մասնատվսւծությունը, նյութի ագրեգատային 3 վիճակում (պինդ, հեղուկ, գազային) գտնվելը, արեգակնային էներգիայի կլանման ու վերափոխման բազմազան բնույթը։
Ա. թ–ում ծագում, զարգանում և աշխարհա–երկրաբանական երևույթներին ակտիվ մասնակցություն է ունենում օրգ. կյանքը։ Ա. թ. մարդկային հասարակության կյանքի և վերափոխող գործունեության ասպարեզն է։ Ա. թ–ի զարգացման ընթացքում ցամաքի մակերևույթի վրա, օվկիանոսի և ծովի հատակում, նրա բաղադրիչները առաջացրել են համակցություններ՝ աշխարհագրական կամ բնական տերիտորիալ կոմպլեքսներ (գեոկոմպլեքսներ), որտեղ կատարվում է էներգիայի և նյութի անընդհատ փոխանակություն, բաղադրիչների փոխներգործություն։ Վերջիններս էլ ընկած են Ա. թ–ի ամբողջականության և անքակտելիության հիմքում, պայմանավորում են նրա գոյությունը որպես բնության ուրույն երևույթի, որոշակի դեր խաղում նրա կազմության, դինամիկայի ու զարգացման մեջ։ Ա. թ–ի զարգացման օրինաչափությունների իմացությունը անհրաժեշտ է բնության վերափոխման հարցերը ճիշտ լուծելու, բնական հարստությունները հետախուզելու և նպատակահարմար օգտագործելու համար։
Գրկ. Կալեսնիկ Ս. Վ., Ընդհանուր երկրագիտության հիմունքները, մաս 1–2, Ե., 1956–59։
