ՀՍՀ/ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔ
ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔ, ամբողջության մեջ վերցրած աշխարհի ու նրա մեջ մարդու տեղի վերաբերյալ ընդհանրական հայացքների համակարգը։ Ա–ի տարրերն են կազմում աշխարհի հիմքի ու բովանդակության, շարժման, աշխարհի ճանաչելիության, մարդու էության, կյանքի իմաստի, իրականության մեջ մարդու հոգեկանի տեղի ու դերի և նման այլ ընդհանուր հարցերի վերաբերյալ պատկերացումները։ Ա–ի միջուկը կազմում են փիլիսոփայական հայացքները։ Տարերայնորեն կամ նպատակադիր կերպով Ա. ձևավորվում է որոշակի գիտակցական մակարդակ ունեցող յուրաքանչյուր անհատի մոտ և կազմում է նրա հոգևոր աշխարհի անհրաժեշտ կողմերից մեկը, նրա գործունեության հիմնական ուղեցույցը։ Ա. ունի սոցիալական պայմանավորվածություն, այն կախված է ամենից առաջ հասարակական կեցությունից, ինչպես նաև գիտության, կրթության զարգացման մակարդակից և այլ գործոններից։ Անհատի Ա–ի բնույթը որոշվում է նրանով, թե ինչ սոցիալական խմբի է պատկանում նա։ Դասակարգային հասարակության մեջ Ա. կրում է դասակարգային բնույթ։ Ըստ իր խաղացած հասարակական դերի, Ա. լինում է առաջադիմական, պահպանողական և հետադիմական։ Ըստ այն բանի, թե ինչ բնույթի պատկերացումներ են կազմում Ա–ի բովանդակությունը, այն լինում է գիտական-մատերիալիստական և իդեալիստական, կրոնական, առօրեական և այլն։ Բանվորական շարժման առաջացմամբ պատմության մեջ առաջին անգամ ստեղծվեց ամբողջական, կուռ, հետևողական գիտական Ա.՝ մարքսիզմ-լենինիզմը:
