ՀՍՀ/ԱՇԿԱԼԱՅԻ ԴԱՇՏ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՇԿԱԼԱՅԻ ԴԱՇՏ, գտնվում է Էրզրումի և Երզնկայի միջև, Արևմտյան Եփրատի հովտում, որտեղ գետն ընդունում է Մայմանսուր և Աշկալա վտակները։ Ուղղված է արևմուտքից արևելք։ Բարձր. 1700 մ է, լայնությունը՝ 9–10 կմ, երկարությունը՝ 30 կմ։ Երկրաբանական մոտ անցյալում լիճ է եղել։ Ա. դ. տափարակ է, եզերված լեռնաճյուղերով և բարձունքներով։ Կազմված է կարծր կրաքարի կոպիճներից և փխրուն նստվածքներից։ Աշկալա գյուղաքաղաքի մոտ կա կերակրաաղի հանքավայր, որի շրջակայքում բխում են աղահամ աղբյուրներ։ Ձմեռը ցուրտ է, ձնառատ, ամառը՝ շոգ։ Տարածված են շագանակագույն հողեր և սևահողեր։ Բուսականությունը տափաստանային է։ Մշակում են հացահատիկ։
