ՀՍՀ/ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԲՎԻԿ
Արտաքին տեսք
< ՀՍՀ
ԱՇՆԱՆԱՑԱՆԻ ԲՎԻԿ (Agrotis segetum, Euxoa segetum, Schiff), բվիկների ընտանիքի թիթեռ։ Առջևի թևերն ունեն բաց գորշագույնից սև, հետևինները՝ սպիտակ գունավորում։ Թևերի երկարությունը բացված վիճակում 4–4,5 սմ է։ Ա. բ–ի թրթուրների (աշնանացանի որդ) երկարությունը մինչև 5,2 սմ է։ Դրանք ունեն յուղային փայլ, ապրում են հողում և սնվում գյուղատնտեսական բույսերի արմատներով, արմատավզիկներով, ցողուններով։ Ա. բ–ի թրթուրները վնասում են հացահատիկային (հատկապես աշնանացան), բանջարաբոստանային, տեխնիկական բույսերին և մատղաշ տնկարկներին։ Տարածված է ՀՍՍՀ բոլոր շրջաններում։ Պայքարի միջոցներն են՝ սերմերի նախացանքային փոշեպատումը հեքսաքլորանով, մոլախոտերի ոչնչացումը, ցանքերի սրսկումը սևինի 0,3–0,5 տոկոսանոց լուծույթով, թիթեռների ոչնչացումը լուսաթակարդներով։
