ՀՍՀ/ԱՇՆԱՆԱՑԱՆ ԲՈՒՅՍԵՐ
ԱՇՆԱՆԱՑԱՆ ԲՈՒՅՍԵՐ, միամյա բույսեր, որոնց բնականոն զարգացման համար պահանջվում է աշնանային ցանք։ Գարնանը ցանելիս Ա. բ. ծլում, թփակալում են, բայց նույն վեգետացիոն շրջանում ցողուններ և հասկեր չեն տալիս, չեն պտղաբերում, որովհետև յարովիզացիայի փուլն անցնելու համար անհրաժեշտ է 35–50 օր տևողությամբ ցածր ջերմաստիճան (0°C-ից 3°C)։ Աշնանացան և գարնանացան բույսերը խիստ սահմանազատել հնարավոր չէ, նրանք կապված են փոխանցիկ ձևերով։ Որոշ սորտեր, նայած կլիմայական պայմաններին, կարող են լինել և՛ աշնանացան, և՛ գարնանացան։ Օրինակ՝ ՀՍՍՀ–ում ցորենի տեղական սորտերից գալգալոսը, սպիտակահատը, կարմիր կունդիկը, սպիտակ կունդիկը երկցան են։ Ա. բ. են, գլխավորապես, հացազգիները (ցորեն, գարի, աշորա), իսկ ընդավորներից՝ վիկը, ոլոռը։ Ա. բ. ձմեռում են թփակալած, զարգացած արմատներով, օգտագործում են հողում կուտակված խոնավության և սննդի աշնանային, ձմեռային ու գարնանային պաշարները, երաշտադիմացկուն են, բարձր բերքատու և 7–10 օր շուտ են հասունանում գարնանացան բույսերից։
