ՀՍՀ/ԱՇՏԻՇԱՏԻ ԺՈՂՈՎ 356
ԱՇՏԻՇԱՏԻ ԺՈՂՈՎ 356, կանոնադիր ժողով Հայաստանում։ Հրավիրվել է Տարոն գավառի Աշտիշատ ավանում, Ներսես Ա Մեծ կաթողիկոսի նախաձեռնությամբ, եպիսկոպոսների և ավագ իշխանների մասնակցությամբ։ Ընդունել է կանոնական որոշումներ, որոնք արտացոլել են IV դ. Հայաստանի հասարակական հարաբերությունները։ Դասակարգային սրված հակասությունները մեղմելու նպատակով ժողովը իշխողներից պահանջում էր չափավորել աշխատավոր խավերի վրա ծանրացած հարկերը։ Ծառաներին պատվիրում էր հավատարիմ և հնազանդ լինել տերերին։ Քրիստոնեական գաղափարախոսությունը ժողովրդի մեջ արմատավորելու համար սահմանում էր բոլոր գավառներում հիմնել հունարեն և ասորերեն դպրոցներ (Հայաստանում IV դ. ուսուցումը կատարվում էր այդ լեզուներով)։ Ա. ժ. կանոնում էր արգելել հեթանոսական որոշ սովորույթներ՝ մերձավոր ազգականների ամուսնությունը, մեռելների վրա անպատշաճ լաց ու կոծը, նվագելը ևն։ Նախատեսում էր անբուժելի հիվանդությամբ տառապողների համար բացել հիվանդանոցներ, անկելանոցներ և մեկուսացված բնակատեղեր, որոնց խնամատարությունը կատարվելու էր ավաններից ու ագարակներից գանձվող հատուկ հարկերով։ Գյուղերում և քաղաքներում պետք է կառուցվեին հյուրանոցներ, որբանոցներ ու այրիանոցներ։
Գրկ. Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, Ե., 1968։ Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց․ Ե․, 1968։
