ՀՍՀ/ԱՇՐԱՖՅԱՆ
ԱՇՐԱՖՅԱՆ Զարմայր Անդրեասի (1898–1936), սովետական պետական և կուսակցական աշխատող։ ՍՄԿԿ անդամ 1918-ից։ Ծնվել է մարտի 15-ին, Հաջիղարա (այժմ՝ Հայկական ՍՍՀ Գուգարքի շրջանի Լեռնապատ) գյուղում։ 1917-ին ավարտել է Թիֆլիսի 6-րդ արական գիմնազիան։ 1919-ին ընդունվել է Թիֆլիսի համալսարանի պատմա–բանասիրական ֆակուլտետը, բայց ուսումը չի շարունակել։ 1920-ին ՌՍԴԲԿ Կովկասյան երկրկոմի առաջադրանքով մեկնել է Ղարաքիլիսա, մասնակցել Մայիսյան ապստամբությանը, ապա սովետական կարգերի հաստատմանն ու ամրապնդմանը։ Ա. երկար տարիներ ղեկավար աշխատանք է կատարել Հայկական ՍՍՀ–ում, Անդրկովկասյան Ֆեդերացիայում, Ուկրաինական ՍՍՀ–ում։ 1923–26-ին աշխատել է որպես Հայաստանի Ռազմա–հեղափոխական տրիբունալի նախագահ, 1927–28-ին՝ գերագույն դատարանի նախագահ, 1928–29-ին՝ Արդարադատության ժողկոմ։ 1932-ին, ավարտելով Մոսկվայի Կարմիր պրոֆեսուրայի ինստ–ը, վերադարձել է Հայաստան, նշանակվել լուսժողկոմ, ապա աշխատել որպես ՀԿԿ Կենտկոմի քարտուղար։ Եղել է ՀԿԿ Կենտկոմի և ՀՍՍՀ ԿԳԿ–ի անդամ։ 1934-ին Ա. Անդրֆեդերացիայի պետպլանի նախագահի տեղակալն էր, 1935–36-ին՝ Ուկրաինայի Կարմիր պրոֆեսուրայի ինստ–ի դիրեկտորը, ապա՝ Ուկրաինայի կոմկուսի ԿԿ–ի կուլտուրայի և պրոպագանդայի բաժնի վարիչը։ Ա. զբաղվել է նաև գիտական գործունեությամբ. «Սովետական Միության քրեական իրավունք» (1933, ռուս.) աշխատության համահեղինակն է։
