Jump to content

ՀՍՀ/ԱՊԱԿԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՊԱԿԻ, ամորֆ, իզոտրոպ, փխրուն, սովորաբար թափանցիկ, քիմիապես կայուն նյութ, որ ստացվում է ոչ մետաղային հալոցքի աստիճանական սառեցմամբ։ Թերմոդինամիկական տեսակետից Ա. անկայուն է և որոշակի ջերմաստիճանում բյուրեղանում է։ Տաքացնելիս չի հալվում ինչպես բյուրեղային նյութերը, այլ անցնում է կարծրից մածուցիկ, ապա հեղուկ վիճակի (պրոցեսը դարձելի է)։

Քիմիական բաղադրությունը և տեխնիկական հատկությունները։ Առավել մեծ դեր ունեցող սիլիկատային Ա–ների բաղադրությունը, որով որոշվում են նրանց հատկությունները, շատ բազմազան է։ Նրա հիմնական բաղադրամասը է, որից բացի բաղադրության մեջ մտնում են նաև նատրիումի, կալցիումի, ալյումինի, բորի, մագնեզիումի, քրոմի և այլ օքսիդներ։ Արդյունաբերության մեջ լայնորեն կիրառվող Ա–ներում –ի պարունակությունը 28–80% է, հիմնային օքսիդներինը՝ 0-17%, –ինը՝ 0,5-3%, –ինը՝ 0-10%, և –ինը՝ 5-10%, –ինը՝ 0-25% են։ Ա–ու և ապակյա իրերի արտադրության տեխնոլոգիական պրոցեսը որոշող կարևոր բնութագրեր են՝ ապակեզանգվածի մածուցիկությունը, մակերևութային լարումը, բյուրեղացման ջերմային միջակայքը, ջերմահաղորդականությունը, էլեկտրահաղորդականությունը ևն։ Ա–ու կիրառման բնագավառը որոշող առավել կարևոր ցուցանիշներն են. ամրության սահմանը (սեղմելիս)՝ 5·108–ից 20·108 ն/մ², զանգվածային Ա–ունը (ծռելիս կամ կտրելիս)՝ 0,5·108–ից 1·108 ն/մ², ապակեթելինը (ձգելիս)՝ 3·108–ից 40·108 ն/մ², Ա–ների խտությունը 2210 կգ/մ³–ից (քվարցային Ա–ու համար) մինչև 6000 կգ/մ³ է (ծանր ֆլինտների համար), տեսակարար ջերմունակությունը՝ 0,33·103–ից 1,04·103 ջ/կգ, ջերմահաղորդականության գործակիցր՝ 0,42-ից 1,34 վտ/մ աստ․, գծային ընդարձակմանը՝ 5·10-7–ից 150·10-7 աստ-1, դիէլեկտրիկ թափանցելիությունը՝ 3,5-ից (քվարցային Ա–ու համար) 16,2՝ կապարա–սիլիկատային Ա–ու 80%-ի համար, ջերմակայունությունը՝ 50-ից մինչև 1000°C։ Լուսաթափանցելիությանը 10 մմ հաստությամբ արդյունաբերական թերթավոր Ա–ու համար 71– 91% է։ Ա. անթափանցելի է հեղուկների և գազերի համար։

Ապակու ժամանակակից տեխնոլոգիայի հիմունքները։ Ա–ու ստացման տեխնոլոգիան ընդգրկում է հետևյալ հիմնական պրոցեսները. բովախառնուրդի նախապատրաստում՝ հում նյութերի ընտրում, մանրում և խառնում որոշակի հարաբերություններով, բովախառնուրդի հալում՝ միատարր, գազազերծ, հալված ապակեզանգվածի ստացում, ապակյա իրերի պատրաստում՝ հեղուկ ապակեզանգվածից իրերի կաղապարում և դրանց վերջնամշակում։ Ելանյութերի և բովախառնուրդի վնասակար շերտավորումը նվազեցնելու համար կիրառվում են բրիկետավորում և հատիկավորում։ ՍՍՀՄ շինանյութերի արդյունաբերության մինիստրության Երևանի քարի և սիլիկատների ԳՀԻ–ում մշակվել է բաղադրամասերը հեղուկ միջավայրում խառնելու և խառնուրդը ջերմային մշակման ենթարկելու միջոցով բովախառնուրդ պատրաստելու եղանակ, որի կիրառումով ստացվում է Ա–ու տեխնոլոգիան զգալիորեն բարելավող միատարր, չշերտավորվող նյութ։ Ապակեհալումն ունի երեք հիմնական փուլ, սիլիկատի գոյացում (հոմոգենացում և պարզեցում, ապակեզանգվածի պահանջվող միատարրության ստացում), գազազերծում և սառեցում։ Ներկայումս էլեկտրավակուումային ապակու ուսումնասիրությամբ զբաղվող գիտական հիմնարկները մշակում են Ա–ու հալման առաջավոր եղանակներ, որոնք թույլ կտան զգալիորեն մեծացնել էլեկարավառարանի օ. գ. գ.։ ՍՍՀՄ–ում Ա–ու են էլեկտրահալման մեթոդն առաջին անգամ մշակվել և արդյունաբերական արտադրության մեջ արմատավորվել է Հայաստանում, որի համար Մ. Բաբաջանյանը, Վ. Մինասյանը և Ֆ. Էնտելիսը 1947-ին արժանացել են ՍՍՀՄ պետական մրցանակի։ Ապակեզանգվածից իրեր պատրաստում են տարբեր եղանակներով։ Ա–ու ձգումը ուղղաձիգ կամ հորիզոնական մեքենաներով կիրառվում է լուսամուտի և տեխնիկական Ա–ու, խողովակների, ապակեձողերի, ապակեթելի արտադրության, գլոցումը՝ շինարարական, նախշազարդ, ամրանավորված և այլ տիպի թերթապակիների համար։ Փչումը կիրառվում է տեսակավոր ամանեղեն, նեղբերան տարա, քիմիական–լաբորատոր անոթներ, մամլումը՝ հաստ պատերով իրեր (բաժակ, գավաթ, շաքարաման ևն) պատրաստելու համար։ Մամլափչումը զուգակցում է մամլման և փչման գործողությունները և կիրառվում լայնբերան տարայի արտադրության համար։ Ձուլման եղանակով պատրաստվում են աստղագիտական գործիքների խոշոր սկավառակներ։ Փափկացման եղանակով կաղապարում են նախապատրաստուկներ օպտիկական Ա–ուց, ինչպես նաև ապակե խոշոր արձաններ։ Այդ նպատակով Ա–ու կարծր կտորները մտցնում են կաղապարի մեջ, աստիճանաբար տաքացնում, և մածուցիկ դարձած զանգվածը կաղապարը լցնում է սեփական կշռի շնորհիվ կամ մամլվելով։ Արտադրության պրոցեսում սառչելու հետևանքով առաջացող մնացորդային լարվածությունները վերացնում են թրծաթողման միջոցով։ Առարկային պահանջված հատկություններ հաղորդելու համար այն ենթարկում են տաք, սառը (մեխանիկական) և քիմիական մշակման։ Ներկայումս լայնորեն կիրառվում է նյութի նոր տեսակ՝ սիտալը, որն ստացվում է Ա–ու մշակման և բյուրեղացման ընթացքում։

Ապակու տեսակները։ Շինարարական Ա. ընդգրկում է շինարարության մեջ կիրառվող Ա–ու բոլոր տեսակները։ Առավել մեծ կիրառություն ունի թերթավոր Ա.։ Շինարարական Ա–ու տեսակներն են՝ կոնստրուկտիվ–գեղարվեստական (ապակեբլոկներ, ապակեծրարներ, լուսամուտագոգեր ևն), ամրանավորված, ճարտարապետա–գեղարվեստական (ճարտարապետական դետալներ, զարդաճաղեր, հարթաքանդակներ են) Ա–ները, փրփրապակին ևն։ Կիրառվում է լուսամուտը ապակեպատելու, պատ շարելու, ներքին միջնապատերի, լապտերների պատրաստման, բնակելի շենքերի ճակատամուտքերի, ներսի երեսապատման, սանիտարատեխնիկական կահավորանքի համար ևն։

Տեխնիկական Ա. լայնորեն կիրառվում է ժողովրդական տնտեսության տարբեր ճյուղերում։ Իր հատկություններով և նշանակությամբ բաժանվում է 23 տեսակի։ Դրանցից առավել կիրառական են. օպտիկական, քիմիական–լաբորատորային, բժշկական, էլեկտրատեխնիկական, տրանսպորտային, պաշտպանական, ջերմա–ձայնամեկուսիչ, էլեկտրամեկուսիչ, խողովակային,լուսատեխնիկական, լուսանկարչական, լուծվող Ա–ները, ապակեթելը, ապակեպլաստիկները ևն։

Օպտիկական Ա. ունի խիստ որոշակի օպտիկական հատկություններ՝ բեկման ցուցիչ և դիսպերսիա։ ՍՍՀՄ–ամ արտադրվում է 14 տեսակ օպտիկական Ա., որը, ըստ քարտարանի, ընդգրկում է 97 Ա.։ Օպտիկական Ա–ու բեկման ցուցիչը 1,47-ից մինչև 2,04 է, իսկ դիսպերսիայի գործակիցը՝ 70-ից մինչև 18։ Օպտիկական Ա. բարձրորակ է, երբ ունի քիմիական մեծ կայունություն, ամրություն, նվազագույն չափով գազային և այլ ներառուկներ։ Կիրառվում է օպտիկական գործիքների, սարքերի, օպտիկա–տեխնիկական հարմարանքների և աստղագիտական գործիքների արտադրության համար։

Էլեկտրամեկուսիչ և էլեկտրավակուումային Ա. աչքի է ընկնում դիէլեկտրիկ, քիմիական և ջերմային հատկություններով։ Կիրառվում է էլեկտրամեկուսիչների ու ռադիոմեկուսիչների, էլեկտրական ու ռադիոլամպերի, էլեկտրավակուումային ու էլեկտրոնային սարքերի, ապարատների պատյանների պատրաստման համար։ Էլեկտրավակուումային և դրոտային Ա. արտադրում է Երևանի «Հայէլեկտրալույս» միավորումը։

Լուսատեխնիկական Ա. օպտիկական հատկությունների (լուսաթափանցում և ցրում) կանոնակարգված ցուցանիշներ ունի սպեկտրի տեսանելի մասում։ Կիրառվում է լուսատեխնիկական ապարատների, լուսաֆիլտրերի, ամրանների, ոսպնյակների պատրաստման համար։ Հայաստանում այն արտադրում է Լենինականի Ա–ու գործարանը։

Ապակեթելն ունի բարձր ամրություն (կտրելիս) և ճկունություն։ Կիրառվում է շինարարության մեջ, ջերմա–, ձայնա– և էլեկտրամեկուսիչ զանազան նյութերի (ապակեբամբակի, ապակեգործվածքի ևն) ստացման, իսկ զանազան խեժերի հետ՝ նաև ապակեպլաստիկների արտադրության համար։ Հայաստանում (Սևանում) գործում է ապակեթել և դրանից զանազան արտադրանք թողարկող «Էլեկտրաապակեմեկուսիչ» գործարանը։

Լուծվող Ա. ալկալիական սիլիկատներից բաղկացած, անգույն (երբեմն՝ թույլ կանաչ կամ դեղնավուն) զանգված է՝ ընդհանուր բանաձևով ( կամ , իսկ m = 2–ից 4,5)։ Լուծվում է ջրում՝ առաջացնելով այսպես կոչված հեղուկ Ա.։ Լուծվող ապակու ջրային լուծույթները քիմիապես ակտիվ են, ունեն սոսնձող և կապակցող հատկություններ։ Ստացվում է քվարցե ավազը և սոդան համատեղ հալելով կամ ամորֆ սիլիկահողը ալկալիներում լուծելով։ Որպես կապակցող նյութ օգտագործվում է թթվակայուն ցեմենտների, սիլիկատային ներկերի, ջնարակների, ապակու, օճառի, սննդի, թղթի և այլ արտադրություններում, նաև խճուղիների շինարարության, բնահողերի ամրացման համար են։ Լուծվող Ա. արտադրում է Երևանի «Հայէլեկտրալույս» միավորումը։ Երևանի քարի և սիլիկատների ԳՀԻ–ում մշակվել է պեռլիտների քիմիական վերամշակմամբ պատրաստի լուծույթ՝ հեղուկ Ա. ստանալու տեխնոլոգիա։

Տարայի Ա. նախատեսված է զանազան հեղուկ և պինդ նյութեր պահելու, փոխադրելու և օգտագործելու նպատակով անոթներ պատրաստելու համար, որոնք լինում են նեղբերան (շիշ, բժշկական սրվակ ևն) և լայնբերան (պահածոյի տուփ, շիշ, դեղագործական ամաններ ևն)։ Տարբեր տեսակի շշեր է արտադրում Արզնիի «Հայբյուրեղապակի» գործարանը։ Տարայի գործարան է կառուցվում Հոկտեմբերյանում՝ պահածոյի տուփեր և կոնյակի շշեր արտադրելու համար։

Տեսակային և գեղարվեստական Ա. ընդգրկում է կապարային, ոչ կապարային, անգույն, գունավոր և անթափանց Ա–ուց ստացված իրերը, որոնք նախատեսվում են կենցաղային կարիքների, բնակարանը զարդարելու, կուլտուրկենցաղային հիմնարկները հարդարելու համար։ Այդ իրերը դասակարգվում են ըստ կիրառման՝ ճաշի և թեյի սպասք, գեղարվեստա–դեկորատիվ իրեր ևև, արտադրության եղանակի՝ փչովի, մամլափչովի ևն, մշակման՝ գեղարվեստորեն ձևավորված (արտադրության ընթացքում), հղկված, փորագրված, արծնով և ներկերով նախշազարդված ևն, Ա–ու տեսակի՝ անգույն, բյուրեղային, գունավոր (ամբողջությամբ ներկված), շերտածածկ։ Տեսակային և գեղարվեստական Ա–ուց պատրաստում են՝ բաժակներ, գավաթներ, ծաղկամաններ, մատուցարաններ, ջահեր ևն։ Հայաստանում Ա–ու այս տեսակն արտադրում է «Հայապակի» միավորումը։

Հումքը։ Ա–ու գլխավոր բաղադրամասը՝ , պարունակում են քվարցային ավազները և ավազաքարերը, որոնք Ա–ու արտադրության համար հիմնական հումքն են։ Ապակեգործության մեջ դրանց կիրառման ոլորտը որոշվում է հիմնական բաղադրամասի և առարկայի լուսաթափանցիկության վրա ազդող գունավորող օքսիդների () պարունակությամբ։ Ընդհանուր առմամբ Ա–ու համար ծախսված հումքի 80–85% ավազներ և 10–15% ավազաքարեր են։

Ա–ու մեջ և մտցնում են կարբոնատային ապարների՝ դոլոմիտների, կրաքարերի են, ՝ գլխավորապես կավահողի, պեգմատիտի, նեֆելինային սիենիտի, հիմնային օքսիդները՝ սոդայի, պոտաշի կամ բորակի, իսկ բորի անհիդրիդը՝ բորաթթվի, բորաքսի կամ բորատահանքի (աշարիտ) միջոցով։ Մի շարք օժանդակ նյութերի (գունաթափողների, գունավորողների ևն) կիրառմամբ Ա–ուն որոշակի հատկություններ են հաղորդվում։ ՍՍՀՄ–ում Ա–ու արտադրության հիմնական հումքի՝ քվարցային ավազների և ավազաքարերի հանքավայրերից հայտնի են Ավդեևյան, Նովոսելովյան, Միխայիլովյան և այլ հանքավայրերը։ Ներկայումս Ա–ու հումքի անվանացանկը ընդլայնվել է։ Պաշարների հաշվեկշռի մեջ մտցված են քվարցկաոլինային ավազները, լիպարիտները, ինչպես նաև Հայաստանի հանքավայրերի՝ Էրտիճի, Ջերմուկի, Արարատի պեռլիտային ավազները և Արտենիի քվարցիտները։ –ի պարունակությունը քվարց պարունակող հումքի մեջ 90-ից 99,7% է, իսկ –ինը՝ 0,01-ից 2,5% : Մտնում են նաև մի շարք այլ օքսիդներ՝ ևն։ Անգույն Ա. ստանալիս գունավորող օքսիդների (երկաթի, տիտանի, քրոմի) պարու– նակությունը նվազեցնելու նպատակով կատարվում են հանքահարստացում, մագնիսական զատում, քիմիական մշակում ևն։

Հայաստանում Ա–ու ավանդական քվարցային հումքի՝ ավազների բացակայությունը, ինչպես նաև Ա–ու մեծ պահանջը պայմանավորեցին ապակեգործության մեջ տեղական ապարների կիրառումը։ Առաջին անգամ պեմզան որպես հումք օգտագործելու փորձ կատարել է Սպրիգերը 1927-ին (Գերմսաիայում)՝ Հայաստանի ժողովրդական տնտեսության բարձրագույն խորհրդի հանձնարարությամբ և տվել բացասական եզրակացություն։ Սակայն 1928–29-ին սովետական գիտնականներ Ի. Կիտայգորոդսկին և Ս. Ռոդինը պեմզաներից և օբսիդիաններից ստացան շշի Ա., որն իր հատկություններով գերազանցում էր սովորականին։ Այժմ «Հայբյուրեղապակի» գործարանը պեմզան օգտագործում է մուգ կանաչ գույնի տարայի արտադրության համար։ Հայաստանի ԳՀԻ–ներում (ՀՍՍՀ ԳԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի, ՍՍՀՄ շինանյութերի արդյունաբերության մինիստրության Երևանի քարի և սիլիկատների ևն) մշակվել և մշակվում են ապակեբամբակի, ապակեթելի, փրփրապակու, տարայի Ա–ու, սիտալների ևն արտադրության համար տուֆեր, բազալտներ, քվարցիտներ, պեռլիտներ, պեմզաներ, կրաքարեր օգտագործելու տեխնոլոգիական պրոցեսներ։ Այդ տեսակետից առավել հեռանկարային են Արտենիի պեռլիտային ավազների, Արագածի պեռլիտի, Ջրաբերի և Չարենցավանի պեմզայի, Ջերմուկի հրաբխային խարամի և այլ հանքավայրեր։ Այդ ինստ–ներում մշակվել են նաև ապարներից մի շարք նյութերի՝ այդ թվում և անգույն Ա–ու համար հումքերի՝ «Երևանիտի» և «Կանազիտի» ստացման տեխնոլոգիաներ։

Ապակեգործության զարգացման պատմությունը։ Բնական Ա. (օբսիդիան) օգտացործվում էր նախնադարյան ժամանակաշրջանում։ Ա–ու արտադրությունն սկզբնավորվել է 5–6 հզ. տարի առաջ։ Ամենահին նմուշները Եգիպտոսում մ. թ. ա. IV հազարամյակի հուշարձաններում հայտնաբերված ուլունքներն են։ II հազարամյակի կեսերից, Եգիպտական XVIII դինաստիայի ժամանակաշրջանում, արտադրվել են անոթներ։ Ապակեգործության հին ավանդույթները շարունակվել են նաև I հազարամյակում։ Օծանելիքի փյունիկյան և եգիպտական ծագում ունեցող բազմաթիվ սրվակներ են հայտնաբերվել միջերկրածովյան երկրներում, ՍՍՀՄ հարավում և այլուր, որոնք թվագրվում են մ. թ. ա. VI–IV դդ.։ Այդ ժամանակաշրջանի վերջում ապակեգործության խոշոր կենտրոն է դարձել Ալեքսանդրիան։ Հելլենիստական շրջանում հնարավոր եղավ ավելի բարձր ջերմաստիճանի հալոցքում ստանալ բարելավված բաղադրությամբ Ա.։ Մ. թ. ա. I դ. վերջում, երբ երևան եկավ փչման տեխնիկան, խոշոր հեղաշրջում կատարվեց ապակեգործության ասպարեզում։ Առաջ եկան նոր կենտրոններ Արևմուտքում (Իտալիա, Իսպանիա, Գալիա, Հռենոսի մարզ, Բրիտանիա) և Արևելքում (Մերձավոր Արևելք, Անդրկովկաս, Միջին Ասիա ևն)։ Առանձնապես աչքի ընկան Ալեքսանդրիան (Եգիպտոս) և Սիդոնը (Ասորիք), որտեղ արտադրվում էին գեղարվեստական բարձրարժեք անոթներ (գունավոր, անգույն, խճանկարով ևն)։ Ա. հնագույն ժամանակևերից հայտնի էր Չինաստանում, որտեղ մ. թ. ա. V–III դդ. ապակե իրեր պատրաստվում էին բավական մեծ քանակությամբ։ Չինաստաևում Ա. պատրաստելու մասին առաջին գրավոր վկայությունները վերաբերում են III դ. վերջին, իսկ V դ. աղբյուրներում խոսվում է չինացիների հինգ գույնով Ա. պատրաստելու հմտության մասին։

Միջին դարերում ապակեգործության հիմնական կենտրոնները գտնվում էին Բյուզանդական կայսրության սահմաններում, Մերձավոր Արևելքում, Անդրկովկասում, Միջին Ասիայում։ Արտադրվում էին տարբեր տիպի և գույնի անոթներ։ Ասորիքում և Բյուզանդիայում լայն տարածում գտան արծնապատ, ոսկեզօծ և նկարազարդ անոթները։ XIII դ. համաշխարհային շուկայում Բյուզանդիան իր դերը զիջեց Վենետիկին, որտեղ մեծ վարպետությամբ ստեղծվեցին բարդ ձևերի և երանգների անոթներ։ XVII դ. Անգլիայում և Չեխիայում երևան եկավ բյուրեղապակին: Ռուսաստանում Ա–ու արտադրությունը սկսվել է միջին դարերից։ Ապակեգործությունը զարգացած է եղել Կիևյան Ռուսիայում, Անդրկովկասում։ XVII–XVIII դդ. Ռուսաստանում ստեղծվում են Ա–ու գործարաններ, որոնք, սակայն, արտադրության եղանակով գտնվում էին նախորդ շրջանի մակարդակին։ XIX դ. վերջում մի շարք երկրներում ապակեգործությունը ինդուստրացվեց, արտադրական պրոցեսները մեքենայացվեցին, արագորեն ընդլայնվեց արտադրանքի տեսականին և ապակե իրերը մատչելի դարձան ժողովրդական լայն զանգվածների համար։

Հայաստանում Ա–ու ամենահին նմուշները (ուլունքներ) հայտնաբերվել են Լճաշենի դամբարաններում (մ. թ. ա. II հազարամյակ)։ Մ. թ. ա. VII դ. Հռոդոսյան ծագում ունեցող անոթներ գտնվել են Կարմիր բլուրում։ Մ. թ. ա. VI–I դդ. հուշարձաններում (հիմնականում՝ դամբարաններ) հայտնաբերվել են ուլունքներ, կնիքներ, ճարմանդներ։ Ապակե իրերն ու առարկաները լայն տարածում են գտել անտիկ դարաշրջանում։ Հայաստանի անտիկ շրջանի Ա. պատրաստման եղանակով, գույների և ձևերի բազմազանությամբ կարևոր նշանակություն ունի հին աշխարհի ապակեգործության պատմությունն ուսումնասիրելիս։ Հայաստանի անտիկ Ա–ու մի մասը իր տիպական առանձնահատկություններով համարվում է տեղական արտադրանք։ Տիգրան Բ Մեծի և Արտավազդ Բ օրոք հարևան հելլենիստական երկրներից Հայաստան են տեղափոխվել բազմաթիվ արհեստավորներ, այդ թվում և ապակեգործներ։ Հայաստանում ապակեգործության առկայության մասին վկայում է նաև Ագաթանգեղոսը հռիփսիմյան ավանդավեպում, ըստ որի կույսերը Վաղարշապատում սկսեցին ապակե ուլունքների արտադրությունը։ Անտիկ ապակեգործության ավանդույթները լայն կիրառում գտան միջնադարյան Հայաստանում։ Ա–ու արտադրության հիմնական կենտրոններն էին Դվինն ու Անին։ Կիրառական լայն հնարավորություններով, ձևերի բազմազանությամբ և գույների ներդաշնակությամբ Հայաստանի միջնադարյան Ա. մերձենում էր Առաջավոր Ասիայի և Մերձավոր Արևելքի ապակեգործությաև արտադրանքի մակարդակին և իր որակով չէր զիջում դրան։ Պեղումների ժամանակ հայտնաբերված մեծաքանակ նյութերը ցույց են տալիս, որ այն կրում էր մասսայական արտադրության բնույթ և արտածվում էր օտար երկրներ։ Հայկական միջնադարյան ապակեգործության զարգացումը ընդհատվեց XIII դ., երբ Հայաստանը ընկավ օտար նվաճողների լծի տակ։

Սովետական իշխանության հաստատումից հետո ապակեգործությունը ՍՍՀՄ–ում, այդ թվում Հայկական ՍՍՀ–ում, աննախադեպ զարգացում ունեցավ։ Գործարկվեցին մեքենայացված նոր գործարաններ, վերակառուցվեցին հները։ Աննախընթաց չափով ավելացավ շինարարական Ա–ու արտադրությունը, ընդլայնվեց տեխնիկական, տեսակային և գեղարվեստական Ա–ու տեսականին ու թողարկումը։ Բազմաթիվ ԳՀԻ–ներ սկսեցին զբաղվել Ա–ու նոր տեսակների ստեղծման և արտադրության տեխնոլոգիական պրոցեսների մշակման ու կատարելագործման հարցերով։ (Տես նաև Ապակու արդյունաբերություն

Պատկերազարդումը տես աղ. XXII, 384–85 էջերի միջև՝ ներդիրում։

Գրկ. Առաքելյան Բ. Ն., Տիրացյան Գ. Ա., Խաչատրյան Ժ. Դ., Հին Հայաստանի ապակին (I–IV դդ.), Ե., 1969։ Կոստանյան Կ. Ա., Սիլիցիումի քիմիա և սիլիկատների ֆիզիկական քիմիա, Ե., 1967։ Бутт Л. М., Полляк В. В., Технология стекла, М., 1960; Технология стекла, под общ. ред. И. И. Китайгородского, 4 изд., перераб., М., 1967; Бахтик С., Поспихал В., Облагораживание стекла, пер. с чешск., М., 1970. Ս. Վերմիշևա, Բ․ Ֆինկելշտեյն, Ա. Քալանթարյան