ՀՍՀ/ԱՊԱՌԱԶՄԱԿԱՆԱՑՈՒՄ
ԱՊԱՌԱԶՄԱԿԱՆԱՑՈՒՄ (միջազգայիև իրավունքում), որոշակի տերիտորիայում ռազմակաև նշանակություն ունեցող ամրությունների և կառույցների վերացումը և այդ տերիտորիայում գինված ուժեր պահելու արգելումը։ Ա․ լինում է լիակատար և սահմանափակ։ Առաջին դեպքում պետությունը պարտավորվում է պայմանավորված տերիտորիայում քանդել ամրությունները, չկառուցել նորերը, չպահել զինված ուժեր, բացառությամբ հասարակական կարգի պահպանման համար անհրաժեշտ զորքի, չունենալ ռազմական բազաներ, ռազմամթերքի պահեստներ ևն։ Սահմանափակ Ա․ պետությանը պարտավորեցնում է նոր ամրություններ չկառուցել և չպահել պայմանագրով նախատեսվածից ավելի զորք ու բազաներ։ Միջազգային հարաբերությունների պրակտիկայում Ա–ման են ենթարկվել պետական սահմանի երկայնքով որոշակի գոտիները։ Հաճախ այդպիսի գոտիներ ստեղծվում են զինադադարի մասին համաձայնությամբ սահմանված ժամանակավոր դեմարկացիոն գծի երկու կողմերում (օրինակ, 1953-ին Կորեայում, 1954-ին Վիետնամում և 1954-ին Մերձավոր Արևելքում)։ Ա․ կարող է վերաբերել նաև պետության ողջ տերիտորիային։ Պոտսդամի կոնֆերանսի (1945) որոշումների համաձայն պետք է ապառազմականացվեր ողջ Գերմանիան, իսկ արտաքին գործերի մինիստրների (ՍՍՀՄ, ԱՄՆ, Անգլիա) Մոսկովյան խորհրդակցության (1945) որոշումների համաձայն՝ Ճապոնիան։ Սակայև արևմտյան տերությունների քաղաքականության պատճառով այդ որոշումները չիրականացվեցին։
Նավագնացության ազատությունը և անվտանգությունը ապահովելու նպատակով Ա–ման են ենթարկվել որոշ միջազգային նեղուցներ և ջրանցքներ (Մագելանի նեղուցը, Սուեզի ջրանցքը), ապառազմականացված են Ալանդական և Շպիցբերգենի արշիպելագները։ 1959-ի դեկտ․ 1-ին ստորագրված բազմակողմանի համաձայնությամբ լիովին ապառազմականացված գոտի է ճանաչված ողջ Անտարկտիկան։
