ՀՍՀ/ԱՊԱՐՆԵՐԻ ՌԱԴԻՈԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ
ԱՊԱՐՆԵՐԻ ՌԱԴԻՈԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ, ուրանի և թորիումի խմբերի ռադիոակտիվ տարրերի ու նրանց տրոհման նյութերի, ինչպես նաև ռադիոակտիվ կալիումի (K40) և կապարի (Pb87) առկայությունն ապարներում։ Բնական մյուս ռադիոակտիվ տարրերի պարունակությունը էապես չի ազդում Ա. ռ–յան վրա։ Գլխավոր ռադիոակտիվ տարրերի միջին պարունակությունը առավել տարածված ապարներում (գ/տ) հետևյալն է.
| Ապարների տեսակները | Ra | U | Th |
| Մագմատիկական ապարներ | |||
| Թթու | 2,4 · 10-6 | 7,0 | 20,5 |
| Միջին | 1,9 · 10-6 | 5,6 | 19,0 |
| Հիմքային | 0,95 · 10-6 | 3,0 | 6,9 |
| Գերհիմքային | 1,9 · 10-6 | 0,6 | 2,36 |
| Նստվածքային ապարներ | |||
| Ավազաքարեր | 0-1,5 · 10-6 | մինչև 4 | – |
| Կավեր | 1,3 · 10-6 | 4,3 | 13,0 |
| Կավային թերթաքարեր | 1,1 · 10-6 | 3 | – |
| Կրաքարեր | 0,5 · 10-6 | 1,5 | 0,5 |
| Դոլոմիտներ | 0,1 · 10-6 | 0,3 | – |
Բյուրեղային ապարներում ռադիոակտիվ տարրերը ներկա են մասամբ ուղեկից միներալների կազմում, մասամբ էլ՝ «ազատ ատոմների» ձևով։ Նստվածքային ապարներում ռադիոակտիվ տարրերի պարունակությունը կախված է նրանց ծագումից։ Կավերը, որպես կանոն, առավել ռադիոակտիվ են։ Նվազագույն ռադիոակտիվություն ունեն աղային նստվածքները՝ գիպսը, քարաղը, բացառությամբ կալիումական աղերի։ Ռադիոակտիվ տարրերի կուտակումները ապարներում սովորաբար մեծ չեն, սակայն երբեմն, հատկապես նստվածքային ապարներում, տասնյակ և հարյուրավոր անգամ գերազանցում են միջին մեծություններին՝ կլարկներին։
