Jump to content

ՀՍՀ/ԱՊԻԱՆՈՍ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՊԻԱՆՈՍ (Αππίανός), Ապիանոս Ալեքսանդրացի (ծն. թ. անհտ. – 170–ական թթ.), հռոմեական պատմիչ, ծագումով հույն։ 160-ական թթ. հունարեն լեզվով գրել է «Հռոմի պատմությունը», որը բաղկացած էր 24 գրքից։ Ա. փառաբանել է Հռոմը, ձգտել արդարացնել նրա նվաճումները։ Պատմության 1-ին գիրքը նվիրել է Հռոմի պատմության հնագույն շրջանին, 2–4-րդը՝ Իտալիայի նվաճմանն ու գալլական պատերազմին, 5–8-րդը՝ Փյունիկյան պատերազմներին, 9– 11-րդը՝ Հունաստանի և հելլենիստական պետությունների զավթմանը, 13–17-րդը՝ հանրապետության ներքին կյանքին, 18–21-րդը՝ Եգիպտոսի գրավմանը, 22-րդը՝ կայսրության I դ. անցքերին, 23–24-րդը՝ Տրայանոսի պատերազմներին։ Ամբողջությամբ մեզ են հասել 6–8-րդ և 11–17-րդ գրքերը, 18–24-րդը կորել են, մնացածներից միայն պատառիկներ են պահպանվել։ Ա–ի օգտագործած աղբյուրներն ու ժամանակագրական կարգը ոչ միշտ են հավաստի։ Ա–ի աշխատությունը կարևոր աղբյուր է նաև հելլենիստական Հայաստանի պատմության համար։ Առանձնապես արժեքավոր են 11–12-րդ գրքերում (Սիրիական, Միհրդատական) Տիգրան Բ Մեծի գործունեության վերաբերյալ հաղորդումները։

Երկ. Аппиан, Митридатовы войны, Сирийские дела, пер. С. П. Кондратьева, вед. О. Севастьяновой "Вестник древней истории", 1946, № 4.