ՀՍՀ/ԱՊՇԵՐՈՆՅԱՆ ԹԵՐԱԿՂԶԻ
ԱՊՇԵՐՈՆՅԱՆ ԹԵՐԱԿՂԶԻ, Կասպից ծովի արևմտյան ափին. Ադրբեջանական ՍՍՀ–ում։ 60 կմ երկարությամբ մտնում է ծովը, լայն, մինչև 30 կմ։ Կազմված է նեոգենի և անթրոպոգենի նստվածքներից։ Մակերևույթը ալիքավոր հարթավայր է, բրախիանտիկլինալ բարձրություններով, ցեխային բլուրներով, աղուտներ ու աղային լճեր ունեցող անհոսք գոգավորություններով։ Հարուստ է նավթի և գազի հանքավայրերով։ Կան հանքային աղբյուրներ։ Կլիման չոր մերձարևադարձային է՝ հունվարի 3°C, հուլիսի 25°C միջին ջերմաստիճաններով և տարեկան 140–250 մմ տեղումներով։ Հաճախակի են ուժեղ քամիները (նորդ)։ Լանդշաֆտը էֆեմերային կիսաանապատային է։ Ջրովի հողերում զարգացած է խաղողի և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությունը։ Ա. թ. նավթարդյունաբերության և նավթի վերամշակման կարևոր շրջան է։ Ա. թ–ում է գտնվում Բաքու քաղաքը։
