ՀՍՀ/ԱՊՈՒԼԻԱ
ԱՊՈՒԼԻԱ (Puglia), մարզ հարավ–արևելյան Իտալիայում, Ադրիատիկ և Հոնիական ծովերի ափերին։ Տարածությունը 19,4 հզ. կմ² է, 3628,9 հզ. բն. (1969)։ Կազմված է Բարի, Բրինդիզի, Լեչչե, Տարանտո, Ֆոջա նահանգներից։ Քաղաքներն են՝ Բարի, Տարանտո, Ֆոջա։ Տերիտորիայի մեծ մասը բլրապատ դաշտավայր է, առավել բարձր մասերն են Դաունիա լեռը (1151 մ) և Գարգանո զանգվածը (1056 մ): Կլիման միջերկրածովային ցամաքային է, տարեկան տեղումները՝ 400–500 մմ։ Ա. գյուղատնտեսական շրջան է։ Մշակվող հողերի 1/3 զբաղեցնում են խաղողի, ձիթենու և պտղատու այգիները։ Ա. ձիթենու և խաղողի բերքով, ձիթապտղի յուղի և գինու արտադրությամբ Իտալիայում գրավում է առաջին տեղը, ծխախոտի և նշի արտադրությամբ՝ երկրորդ տեղը։ Մշակում են հացահատիկային ու բանջարաբոստանային բույսեր։ Ունի նավաշինություն, մետաղաձուլություն (Տարանտո), գյուղատնտեսական մեքենաշինություն, նավթի վերամշակում (Բարի), բոքսիտների, բնական գազի արդյունահանում։
