ՀՍՀ/ԱՊՐՈՅԱՆՆԵՐ
ԱՊՐՈՅԱՆՆԵՐ, հայ գերդաստան [Աբրահամ (Ապրո) Չելեբիի անունով]։ Ապրոյանների տոհմահայր Աստվածատուրը XV դ. Անիից գաղթել է Կարին։ Որդիները՝ Ալփիարը ն Ասլանը, 1521-ին, թուրք–պարսկական պատերազմների ժամանակ, Կարինից գաղթել են Բելգրադ (Հարավսլավիա)։ Ա–ի տոհմը XVII դ. տեղափոխվել է Կ. Պոլիս, ոմանք՝ Զմյուռնիա և Եգիպտոս։ Ա. հիմնականում զբաղվել են վաճառականությամբ, եղել են թարգմանիչներ. (Անգլիայում, Հոլանդիայում, Եգիպտոսում), պետական ու քաղաքական գործիչներ ևն։ Մասնակցել են հայ հասարակական կյանքին, կառուցել են եկեղեցիներ, վարժարաններ (Մեսրոպյան վարժարանը՝ Զմյուռնիայում, 1825), գումարներ են տրամադրել բարեգործական նպատակներով։
Աբրահամ (Ապրո) Չելեբի (1621–1676), մեծահարուստ վաճառական, հասարակական գործիչ, «այր խորագետ և զգուշավոր» (Մ. Չամչյան)։ Օսմանյան կառավարող շրջաններում ունեցած իր ազդեցությունն օգտագործել է ազգօգուտ գործերի համար։ Երբ թուրքերը գրավել են Կրետե կղզին (1646), հայերի համար տեղացիներից գնել է մի եկեղեցի՝ կալվածքներով։ 1666-ին բնակություն է հաստատել Կ. Պոլսում, որտեղ իր միջոցներով վերանորոգել է հրդեհից վնասված Ա. Սարգիս և Ս. Նիկողայոս եկեղեցիները։ Թուրք, կառավարությունից կորզել է Մակեդոնիայում հայերի բնակության և եկեղեցի ունենալու արտոնություն (1671)։ Մասնակցել է Արևմտյան Հայաստանում առանձին կաթողիկոսություն հաստատելու հարցի կապակցությամբ Եղիազար Այնթապցու և Հակոբ Դ Ջուղայեցու վեճերին, սկզբում նեցուկ հանդիսանալով առաջինին, իսկ հետագայում անցնելով երկրորդի կողմը։ Պահպանվել են նրա հայերեն և հայատառ թուրքերեն նամակները, որոնցում շոշափված են հայ հասարակական կյանքի զանազան խնդիրներ։ Թաղված է Ադրիանուպոլսում։ 1687-ին Ֆրանսիայի Լյուդովիկոս XIV թագավորը ազնվականության թուղթ է նվիրել նրա որդի Մատթեոսին։
Աբրահամ (1689–1719), Պետրոս և Ստեփան՝ Մատթեոսի որդիները։ Մեծահարուստ և ձեռներեց վաճառականներ, մետաքսագործներ։ Վաճառատներ են ունեցել Ասիայում ու Եվրոպայում։ Ամստերդամում ծանոթացել են Պետրոս I հետ, որը հրավիրել է նրանց Ռուսաստան՝ մետաքսագործությունը տարածելու նպատակով։ 1717-ի հունվ. 28-ի կայսերական հրովարտակով նրանց շնորհել է ամբողջ կայսրությունում ազատ առևտուր անելու արտոնություն։ Շուրջ 10 տարի ապրել են Մոսկվայում, ապա վերադարձել Զմյուռնիա։
Առաքել Պեյ (1832–1875), Պետրոսի թոռան՝ Աբրահամ Ապրոյանի որդին, Եգիպտոսի պետական և քաղաքական գործիչ։ Սպանվել է հաբեշների դեմ մղված կռվում։
Տիգրան Փաշա Ապրո (1846–1904), եղել է Եգիպտոսի արտաքին գործերի նախարարության խորհրդական, ապա՝ նախարար։ Շահավետ դաշնագրեր (առևտրական ևն) է կնքել եվրոպական պետությունների հետ։
Ասլան Ապրո (1848–1917), նախորդի եղբայրը, արվեստաբան։ Մոտ 1851-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Իտալիա; 1879-ին եղել է պատվադիր ուսուցիչ Նեապոլի գեղարվեստական վարժարանում։ Թագավորական հրովարտակով կարգվել է Նեապոլի արվեստի և արդյունաբերական թանգարանի նախագահ։ Հայկական հարցի կապակցությամբ թղթակցել է Ներսես պատրիարքի, Ջեյմս Բրայսի, ժան Բրուսալի, Մինաս Չերազի և այլոց հետ։ Եղել է Միացյալ ընկերություն հայոց կազմակերպության անդամ։
Գրկ. Անասյան Հ., Հայկական մատենագիտություն, հ. 1, Ե․, 1959։ Զարդարյան Վ., Հիշատակարան, Տարեգիրք 1941 տարվո, Կահիրե, 1940։ Նույնի, Հիշատակարան, Տարեգիրք 1942 տարվո, Կահիրե, 1941։
