ՀՍՀ/ԱՋԱՐԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԱՋԱՐԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ (ինքնանվանումը՝ Աջարիս Ավտոնոմիուրի Սաբճոթա Սոցիալիստուրի Ռեսպուբլիկա), Աջարիա, Վրացական ՍՍՀ կազմում։ Կազմվել է 1921-ի հուլիսի 16-ին։ Տարածությունը 3 հզ. կմ2 է, բնակչությունը՝ 322 հզ. (1972)։ Բաժանվում է 5 վարչական շրջանի։ Ունի 2 քաղաք և 6 քտա։ Մայրաքաղաքը՝ Բաթում։
Պետական կարգը: Բանվորների և գյուղացիների սոցիալիստական պետություն է։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1937-ի հոկտ. 25-ին։ Պետ. իշխանության բարձրագույն մարմիններն են՝ Գերագույն սովետը (ընտրվում է 4 տարին մեկ) և նրա նախագահությունը։ Գերագույն սովետը կազմում է կառավարություն՝ Մինիստրների սովետ։ Պետ. իշխանության տեղական մարմինները՝ աշխատավորների դեպուտատների քաղաքային, շրջանային, գյուղական սովետներն ընտրում է բնակչությունը 2 տարի ժամանակով։ ԱԻՍՍՀ Գերագույն սովետը 5 տարով ընտրում է գերագույն դատարան։
Բնությունը։ Աջարական ԻՍՍՀ գտնվում է Անդրկովկասի հվ–արմ–ում, Սև ծովի ափին։ Տերիտորիայի մեծ մասով ձգվում են Փոքր Կովկասի լեռներն ու նախալեռները։ Հվ–արմ–ից հս–արլ. ձգվում են Մեսխեթի (Սաղորնիա լ., 2755 մ), հվ–ում՝ Շավշեթի (Խեվա լ., 2812 մ), հվ–արլ–ում՝ Արսիանի (Գոդերձի լեռնանցքը, 2025 Ա) լշ–ները։ Ծովափնյա նեղ շերտը Կոլխիդայի դաշտավայրի շարունակությունն է։ Օգտակար հանածոներից Ա–ում հայտնի են պղնձի, բազմամետաղների (Մերիսի) և հրակայուն կավերի (Ցեցխլաուրի) հանքավայրերը։ Կլիման ծովափնյա մասում և նախալեռներում խոնավ մերձարևադարձային է, լեռներում՝ խոնավ, չափավոր տաքից մինչև ցուրտ։ Հունվարի միջին ջերմաստիճանը ծովափնյա մասում 4°C–ից 6°C է, լեռներում՝ 2°C–ից մինչև -2°C, հուլիսինը՝ 20°C, 23°C (լեռներում՝ 20°C, 16°C)։ Տարեկան տեղումները ծովափնյա մասում 2400–2800 մմ է, լեռներում՝ 1400–1800 մմ։ Անսառնամանիք օրերի թիվը մերձծովյան գոտում՝ 300–350։ Սառնամանիքները հազվադեպ են և չեն գերազանցում -4°C, -6°C–ից։ Գետերը պատկանում են Սև ծովի ավազանին։ Ամենամեծ (նկ․) Օչխամուրի։ «Սաքարթվելո» թեյահավաք մեքենան պլանտացիաներում։
գետը Ճորոխն է (ստորին հոսանքը)՝ Աջարիսծղալի վտակով։ Ծովափնյա հարթավայրերում գերակշռում են ալյուվիալ ու ճահճահողերը, մերձծովյան նախալեռներում՝ կարմրահողերը, լեռներում և ներքին հովիտներում՝ գորշանտառային, ճմային, ճմատորֆային լեռնամարգագետնային հողերը։ Տերիտորիայի 50%-ից ավելին անտառածածկ է։ Հս–արմ–ում տարածված են ենթանտառով ու լիանաներով հարուստ լայնատերև ծառատեսակներով կոլխիդյան տիպի մշտադալար անտառները, ավելի բարձր՝ հաճարենու անտառները։ 1800 մ–ից բարձր խիտ թփուտներ են։ Վայրի կենդանիներից անտառներում հանդիպում են՝ արջ, լուսան, շնագայլ, վայրի խոզ։ Գետերում կան ծածան, սաղմոն, կարմրախայտ։
Բնակչությունը։ Հիմնական բնակիչները վրացիներ են, կան նաև ռուսներ, հայեր, ուկրաինացիներ, հույներ և այլք։ Միջին խտությունը 1 մ² վրա 107,3 մարդ։ Քաղաքային բնակչությունը 44% է։ Քաղաքները՝ Բաթում, Քոբուլեթ։
Պատմական ակնարկ։ Ա. բնակեցված է եղել տակավին հին ժամանակներից։ Վրացական և բյուզանդական աղբյուրներում առաջին տվյալները վերաբերում են X դ.։ Ա. մ. թ.ա. VI–IV դդ. մտնում էր Կոլխիդայի, ապա Իբերիայի թագավորության, իսկ մ. թ. IV դ.՝ Լազական թագավորության մեջ։ VI դ. Աջարիայի արմ. և հարակից շրջանները պատերազմի թատերաբեմ էին Հռոմի և Իրանի միջև։ VII դ. ենթարկվեց արաբների արշավանքներին։ Արաբական խալիֆաթի անկումից հետո (IX դ.) Ա. մտավ Տաո–Կլարջեթի իշխանության մեջ։ X դ. վերջին Ա. Վրացական թագավորության կազմում էր։ XI դ. վերջին ուժեղ դիմադրություն ցույց տվեց թուրք–սելջուկներին, XII–XIII դդ. դարձավ Վրաստանի բարգավաճող նահանգներից մեկը։ XVI դ. երկրորդ կեսից Ա. նվաճեց Թուրքիան։ Թուրքական տիրապետությունը ծանր անդրադարձավ երկրի կյանքի վրա՝ տեղիք տալով ժողովրդական ապստամբությունների (1680, 1685, 1697, 1744, 1819, 1856)։ Թուրքական լծից Ա. ազատագրվեց 1877–78-ին, ռուս–թուրքական պատերազմի հետևանքով։ Չնայած ցարիզմի գաղութային քաղաքականությանը, համեմատաբար նպաստավոր պայմաններ ստեղծվեցին Ա–ի տնտեսության զարգացման համար։ 1897–1907-ին կառուցվեց Բաքու–Բաթում նավթամուղը։ Բաթումը դարձավ Անդրկովկասի արդյունաբերական երրորդ խոշոր կենտրոնը՝ բանվոր դասակարգի (11 հազար) ինտերնացիոնալ կազմով (վրացիներ, հայեր, ռուսներ, ադրբեջանցիներ)։ 1896-ին ռուս սոցիալ–դեմոկրատներ Ի. Ի. Լուզինն ու Գ. Յա. Ֆրանչեսկին Բաթումում կազմավորեցին առաջին մարքսիստական խմբակը։ 1901-ին ստեղծվեց լենինյան իսկրայական ուղղության ս–դ. կազմակերպություն։ 1902–03-ին բանվորական գործադուլներ և ցույցեր տեղի ունեցան։ 1904-ին արդեն գործում էր բոլշևիկյան կազմակերպություն։ Ռուսական առաջին հեղափոխության տարիներինԲաթամն Անդրկովկասում հեղափոխական իրադարձություններով հարուստ շրջաններից մեկն էր։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Ա–ի տերիտորիան ռազմական գործողությունների ասպարեզ դարձավ։ Փետրվարյան հեղափոխությունից հետո Ա. գտնվում էր Անդրկովկասյան հատուկ կոմիտեի իրավասության ներքո։ 1917-ի նոյեմբերին այստեղ ահաստատվեց Անդրկովկասյան կոմիսարիատի իշխանությունը։ Ա. 1918-ին օկուպացվեց սկզբում գերմանա–թուրքական, ապա անգլիական ինտերվենտների կողմից, որոնց հեռանսւլուց հետո իշխանությունն անցավ վրաց մենշևիկներին (1920, հուլիս)։ Այդ ժամանակ էլ ձևավորվեց մարզային կուսակցական կազմակերպությունը։ 1921-ի մարտի 18-ին Աջարիայի հեղկոմը Բսւթումում հռչակեց սովետական իշխանություն։ Կազմավորվեց մարզային հեղկոմ (նախագահ՝ Ա. Ի. Քավթարաձե)։ 1921-ի հուլիսի 16-ին ստեղծվեց Աջարական ԻՍՍՀ՝ Վրացական ՍՍՀ–ի կազմում։ 1922-ի դեկտեմբերին Աջարական ԻՍՍՀ Վրացական ՍՍՀ–ի կազմում մտավ ԱՍՖՍՀ–ի մեջ։ Սոցիալիստական շինարարության տարիներին Ա–ում զարգացավ արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը։ Կատարվեց կուլտուրական հեղափոխություն։ 1937-ի հոկտ. 25-ին ընդունվեց նոր սահմանադրությունը։ Ա–ի աշխատավորները ակտիվ մասնակցություն ունեցան Հայրենական մեծ պատերազմին։ Շքանշաններով և մեդալներով պարգևատրվեցին 19207 մարդ, 5 հոգի արժանացան Սովետական Միության հերոսի կոչման։ ԱԻՍՍՀ 1967-ին պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Տնտեսությունը։ Ա. ցիտրուսների և թեյի մշակության, նավթի ու մերձարևադարձային գյուղատնտ. հումքի վերամշակման, մասնագիտացված մեքենաշինության և առողջարանային շրջան է։
Արդյունաբերությունն Ա–ում մեծ զարգացում է ապրել սովետական իշխանության տարիներին։ 1971-ին արտադրվել է 141 մլն. կվտ. ժ էլեկտրաէներգիա։ Բաթումի նավթամշակման գործարանում վերամշակվում է Բաքվից (նավթամուղով և երկաթուղով) և ՍՍՀՄ մյուս շրջաններից (ծովով) ստացվող նավթը։ Մեծ զարգացում է ստացել մեքենաշինությունը՝ էլեկտրատեխնիկական իրերի, սննդի, արդ. սարքավորումների արտադրությունը, նավաշինությունը (Բաթում)։ Կա քիմիա-դեղագործական արդյունաբերություն (Բաթում)։ Զգալի տեղ է գրավում գյուղատնտ. հումքը վերամշակող արդյունաբե–
(նկ․) Աջարական ԻՍՍՀ րությունը՝ թեյի ֆաբրիկաներ (Քոբուլեթ, Չաքվա, Օչխամուրի, Խուցուբանի, Մուխաեստատե), գինեգործությունը (Բաթում, Քեդա), պահածոների արտադրությունը (Բաթում)։ Զարգացած է նաև կաշվի–կոշիկի, կարի, փայտամշակման արդյունաբերությունը (Բաթում), շինանյութերի արտադրությունը (Բաթում, Քոբուլեթ, Չաքվա)։ Կան ֆերմենտացիոն ու ձկան գործարաններ, ծխախոտի ֆաբրիկա, մսի կոմբինատ (Բաթում)։
(նկ․) Մանդարինի բերքահավաքը Քոբուլեթի շրջանի Ցիխիսձորի սովետական տնտեսությունում։
Գյուղատնտեսությանը բնորոշ են մերձարևադարձային բույսերի՝ ցիտրուսների ու թեյի մշակությունը, տունգի, բամբուկի, էվկալիպտի աճեցումը։ Զարգացած են պտղաբուծությունն ու անասնապահությունը։ 1972-ին Ա–ում կար 165 կոլտնտեսություն (երկուսը՝ ձկնորսական), 18 սովետական տնտեսություն։ 1971-ին ցանքատարածությունները կազմել են 13 հզ. հա, բազմամյա տնկարկները (ցիտրուսների և թեյի պլանտացիաներ, պտղատու և խաղողի այգիներ)՝ 23,1 հզ. հա, այդ թվում ցիտրուսներ՝ 6 հզ. հա (ՍՍՀՄ ցիտրուսային տարածությունների 50%-ից ավելին)։ Վրաստանի ցիտրուսների պետական գնումների 2/3-ը բաժին է ընկնում Ա–ին. թեյի պլանտացիաներ՝ 7,5 հզ. հա, պտղատու այգիներ՝ 8,1 հզ. հա, խաղողի այգիներ՝ 1,1 հզ. հա։ Հացահատիկներից գերակշռում է եգիպտացորենը։ Մշակում են նաև ծխախոտ, դեղաբույսեր, բանջարաբոստանային կուլտուրաներ, տունգ, արևելյան արմավ, դափնի։ Անասնապահությունն ունի կաթնամսատու ուղղություն։ Զարգացած է շերամապահությունը, մեղվաբուծությունը, ձկնորսությունը։
Տրանսպորտը։ Ա–ի ծովափնյա մասով անցնում են Սամտրեդիա-Բաթում էլեկտրիֆիկացված երկաթուղին, Նովորոսիյսկ–Բաթում, Բաթում–Ախալցխա խճուղիները։ Բաթումը ներքին ու միջազգային փոխադրումների (հիմնականում՝ նավթամթերքներ)խոշոր նավահանգիստ է։
Մշակույթը։ 1968–69ուս.տարում Ա–ում գործում էին տարրական 200, ութամյա 111 և միջնակարգ 105 (այդ թվում հայկական՝ 3), բաներիտ և գյուղերիտ 24 դպրոց (71,8 հզ. աշակերտ, 1971), արտադպրոցական 16 հիմնարկ, պրոֆտեխնիկական 3 ուսումնարան, միջին մասնագիտական ուսումնական 7 հաստատություն, մանկավարժական ինստ., գիտահետազոտական 11 հիմնարկ, այդ թվում Վրաց. ՍՍՀ ԳԱ Բաթումի ԳՀԻ-ը, Ֆիտոպաթոլոգիայի (Քոբուլեթ), թեյի և մերձարևադարձային բույսերի (Չաքվա) համամիութենական ինստիտուտների մասնաճյուղերը, 175 ակումբ, 222 գրադարան, 156 կինո, ժող. թատրոն, 2 թանգարան։
Գրականությունը։ Ա–ի գրականությունը վրաց գրականության մի մասն է։ Զարգացել է սովետական իշխանության տարիներին։ Հայտնի են Պ. Լորիայի վեպերը։ Ա–ի գրականությունը հարստացրել են նաև Պ. Ռուրուան, Ն. Գվարիշվիլին, Ս. Վարշանիձեն, Ն. Մալազոնիան, Ի. Պագավան, Շ. Ռոքվան, Գ. Սալուկվաձեն և ուրիշներ։ 1927-ին ստեղծվել է աջարական պրոլետարական գրողների ասոցիացիան, իսկ 1932-ին՝ ՎՍՍՀ գրողների միության աջարական բաժանմունքը։ Այն ունի իր ամսագիրը՝ «Թալգա» («Ալիք»), որը լույս է տեսնում 1958-ից:
Ճարտարապետությունը։ Ա–ի ճարտարապետական հուշարձաններից են. Գոնիա ամրոցը, բյուզանդական Պետրա քաղաք–ամրոցի մնացորդները (հիմնադրվել է VI դ.), Թամարիսցիխեն, Սխալթայի մեծ եկեղեցին (XIII դ.), Մախոյի, Մախունցետիի, Դանդալոյի և Պուրտիոյի միակամար կամուրջները։
Սովետական իշխանության տարիներին Բաթումի և բուժավայրերի (Քոբուլեթ, Մախինջաուրի, Ցիխիսձիրի և այլն) շինարարությունը լայն թափ է առել։ Բաթումում կառուցվել են՝ «Ինտուրիստ» հյուրանոցը (1939, ճարտ. Կ. Ի. Ջավախիշվիլի, Բ. Մ. Կիրակոսյան), Դրամատիկական թատրոնը(1952, ճարտ. Լ. Ս. Տեպլիցկի), Հեղափոխության թանգարանը (1955, ճարտ.Կ. Ի. Ջավախիշվիլի), «Թբիլիսի» կինոթատրոնը (1964, ճարտ. Ն. Աբաշիձե)։ 1958-ին հաստատվել են Բաթումի և Քոբուլեթի գլխավոր հատակագծերը։
Կերպարվեստը։ Պրոֆեսիոնալ կերպարվեստը Ա–ում սկզբնավորվել է XX դ.։ Սովետական իշխանության հաստատումից հետո Երևան են գալիս պատմա-հեղափոխական թեմայով նկարներ (Շ. Գ. Խոլուաշվիլի, Ն. Ն. Յակովենկո), բնանկարներ (Ս. Ն. Արտմելաձե, Շ. Ա. Զամթարաձե, Խ. Դ. Ինիաշվիլի)։ Զարգանում են քանդակագործությունը (Թ. Պ. Չանթուրիա, Մ. Ա. Բոլկվաձե), գրաֆիկան (Գ. Ա. Սեչենյան, Վ. Օ. Սեիդիշվիլի), բեմանկարչությունը (Դ. Խ. Իմնաիշվիլի, Ա. Ս. Ֆիլիպով), մոնումենտալ–դեկորատիվ արվեստը (Թ. Մ. Ջալագանիա), դեկորատիվ–կիրառական արվեստը (Շ. Ի. Քվեռնաձե, Օ. Չաչուա)։
Երաժշտությունը։ Աջարական ժող. երգը բազմաձայն է, ունի և՛ քառյակային, և՛ 3–4 մաս միավորող բարդ կառուցվածք։ Հատկապես տարածված են «նադուրի» քառաձայն աշխատանքային երգերը, որ կատարվում են 8–12 տղամարդկանց երգչախմբով։ Աջարական երգերը գլխավորապես երկմաս և եռամաս չափի են, գործիքային երաժշտության մեջ կան նաև հնգամաս չափի մեղեդիներ։ Ժողովրդական չիբոնի (պարկապզուկ), չոնգուրի (եռալար, նվագարան), դհոլի(թմբուկ), ճիանուրի, սալամուրի, սազ, քյամանչա գործիքները նվագակցելու համար են, երբեմն՝ մենակատարման։ Գործում են Մ. Կուխինիձեի անվ. երգի և պարի պետ. անսամբլը (1921-ից), ֆիլհարմոնիան (1921-ից), երաժշտական ուսումնարանը(1929-ից)։ ԱԻՍՍՀ–ում աշխատող կոմպոզիտորներից է Ա. Ա. Փարցխալաձեն։
(նկ․) Բաթում։ Դրամատիկական թատրոնը։
Թատրոնը։ 1937-ին Բաթումում բացվեց Ի. Ճավճավաձեի անվ. դրամատիկական թատրոնը։ Լավագույն բեմադրություններից են՝ Կ.Գուցկովի «Ուրիել Ակոստա»–ն (1941),Վ. Փշավելայի «Վտարանդին» (1945), Շեքսպիրի «Համլետ»–ը (1956) և «Օթելլո»–ն (1959), Սոֆոկլեսի «Էդիպ արքա»-ն (1963)։ Թատրոնի կազմում են ՎՍՍՀ ժող. արտիստներ Յու. Օ. Քոբալաձեն, Ա. Դ. Մգելաձեն, Ն. Ու. Թեթրաձեն, Մ. Մ. Խինիկաձեն և ուրիշներ։ 1923-41-ին գործել է Բաթումի հայկական թատրոնը, 1942-ից՝ Բաթումի հայկական դրամատիկական խումբը։
(նկ․) Ելույթ է ունենում Աջարական ԻՍՍՀ երգի-պարի անսամբլը։ Հայերն Աջարիայում։Աջարական Ինքնավար Հանրապետության տերիտորիայում բնակվում են մեծ թվով հայեր, որոնց նախնիները հիմնականում համշեցիներ են։ Նրանք հոծ խմբերով եկել են Սև ծովի Կովկասյան ափերը XVIII դ. սկզբներին, երբ Համշենում սկսվել են բռնություններ իսլամը տարածելու նպատակով։ Համշենահայության հոսքը Ա. ավելի ուժեղացավ 1860-ական թթ. և հատկապես 1877–78-ի ռուս–թուրքական պատերազմից հետո, երբ Սև ծովի Կովկասյան ափերն անցան Ռուսաստանին։ Հայերի նոր խմբեր այս վայրերում հաստատվեցին 1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ, որոնք գաղթել էին Բիթլիսից, Մուշից, Տրապիզոնից, Արդվինից։ Գաղթածների մեծ մասը արհեստավորներ էին, որոնք նպաստեցին Ա–ի տնտեսական կյանքի աշխուժացմանը։ Հայ բնակչության կենտրոնացման համեմեմատ Ա–ում հիմնադրվել են հայկական դպրոցներ (Մեսրոպյան երկսեռ ուսումնարան, ծխական դպրոց և այլն)։ Ուսումնական գործը ավելի բարելավվեց, երբ 1905-ին Կովկասում վերաբացվեցին հայծխական դպրոցները։ Ա–ի հայության կյանքում մեծ դեր է խաղացել Կովկասի հայոց բարեգործական ընկերության Բաթումի մասնաճյուղը։ Ընկերությունը հիմնել է փոխօգնության և օգնության դրամարկղներ, իր հովանավորության տակ վերցրել դպրոցները, թատրոնը, Բաթումում գործող գեղարվեստական խմբակները։ Հայ կանանց մեջ գրագիտություն տարածելու նպատակով դարասկզբին Բաթումում գործում էր «Հայ կանանց միությունը»։ XIX դ. վերջից Ա–ի և հատկապես Բաթումի հայութունն ապրում էր թատերական, երաժըշտական աշխույժ կյանքով։ 1886-ից սկսեց գործել հայկական թատրոնը (տես Բաթումի հայկական թատրոն)։ 1909-ին հայկական թատրոնին հատկացվեց նոր շենք։ XIX դ. վերջից Բաթումում պարբերաբար գործել են երգեցիկ խմբեր։ 1898-ին Քրիստափոր Կարա–Մուրզուն կազմեց 80 հոգուց բաղկացած երգեցիկ խումբ, հետագայում (1910) 60 հոգուց բաղկացած խումբ կազմեց Կոմիտասը՝ միաժամանակ համերգներ տալով ու վարելով հայկական եկեղեցու պատարագը (Բաթումի հայկական եկեղեցին կառուցվել է 1885-ին, Խրիմյան Հայրիկի ջանքերով)։ Բազմիցս Բաթում են այցելել հայ մտավորականներ, գրողներ։ 1908-ին Բաթումում դասախոսություններով հանդես եկավ Լեոն։
Բաթումի համայնքի կյանքը ավելի աշխուժացավ 1920-ական թթ. սովետական իշխանության հաստատումից հետո։ Հրատարակվեցին թերթեր՝ «Կոմունիստ» (1921) և «Բաթումի բանվոր» (1922)։ Բաթումում ,հայկական թատրոնից բացի, գործում էր հայկական կոմերիտական դրամատիկ խումբը։ 1923-ին Բաթումում կազմակերպվեց Հայարտուն (հայ արվեստագեըների տունը), որը ղեկավարում էր քաղաքի հայկական թատերական, գրական, երաժշտական կյանքը։ Այդ գործում մեծ վաստակ ունի կոմպոզիտոր Դանիել Ղազարյանը։
Ներկայումս Ա–ում բնակվում են 21700 (1970) հայեր, հիմնականում՝ Բաթումում, Չաքվայում, Քոբուլեթում։ Նրանք զբաղվում են արհեստներով, պտղաբուծությամբ, թեյագործությամբ, նավահանգստի բանվորներ ու ծառայողներ են։ Բաթումում կա 2 հայկական միջնակարգ դպրոց՝ 385 աշակերտով, Չաքվայում՝ 8-ամյա դպրոց՝ 100 աշակերտով։ Բաթումը բազմիցս ընդունել և հյուրընկալել է հայրենիք վերադարձող սփյուռքահայերին։
Գրկ․ Грузия М., 1967 (серия «Советский Союз»); Нижарадзе Н., Советская Аджария. Економико-георафическая характеристика, Батуми, 1961; Советская Грузия к 50-летию Великой Октябрьской социалистической револуции [стат. сб.], Тб., 1967; Борьба за победу Советской власти в Аджарии, Документы и материалы (1917-21), Батуми, 1961; История Грузии, ч. 1, Тб., 1962.
