ՀՍՀ/ԱՋԵՄ
ԱՋԵՄ, Աջամ, տերմին, որով արաբները անվանում էին հին շրջանում իրենց անմիջական հարևաններին՝ պարսիկներին,իսկ հետագայում՝ ընդհանրապես բոլոր ոչ արաբներին։ Օմայան խալիֆաների օրոք, երբ արաբներն առաջատար դեր էին խաղում մահմեդականության հիմնավորման և տարածման գործում, Ա. հասկացության գործածությամբ ընդգծվում էր նրանց գերազանցությունը այլ ժողովուրդների նկատմամբ։ Աբբասյանների ժամանակ դրությունը հիմնովին փոխվեց։ Պարսիկները ոչ միայն քաղաքական գերակշռության հասան, այլև սկսեցին հանդես գալ իրենց հոգևոր արժեքների գերազանցության հավակնությամբ։ Երբ հակամարտությունը մարեց, Ա. ասելով հասկանում էին սոսկ օտարածին, պարզապես նկատի ունենալով արաբների և այլազգիների էթնիկական տարբեր ծագումը։Այսպես, ուշ միջնադարից սկսած Իրաք–աջամի ասելով հասկանում էին Իրանական Միջագետքը, մինչդեռ բուն Իրաքն անվանում էին Իրաք–արաբի։
Թուրքիայում աջեմի–օղլան անվանում էին քրիստոնյաների երեխաներին, որոնց վերցնում էին սուլթանական պալատում ծառայելու համար, ընդ որում 5–7 տարվա նախապատրաստությունից հետո, երբ նրանք հմտանում էին թուրքերենին և վարժվում մուսուլմանական սովորույթներին։ Այդ նպատակի համար անհամապատասխան ճանաչվածներին մեծ մասամբ դարձնում էին ենիչերիներ: XVII դ. աջեմի–օղլանների ինստ. վերացավ, թեն նրանցից կազմված ենիչերիների զորքը գոյություն ուներ մինչև 1826-ը։ Հավանաբար Ա–ից է առաջացել հայերի «Աճեմ» (Աճեմյան) անունը։
