ՀՍՀ/ԱՌԱԳԱՍՏԱՆԱՎ
ԱՌԱԳԱՍՏԱՆԱՎ, քամու ուժով շարժվող նավ։ Ա. շարժման մեջ է դրվում առագաստային հանդերձանքի օգնությամբ, որը կազմված է առագաստներից, տակելաժից և ռանգոուտից։
Ա–երը դասակարգում են ըստ նշանակության (մարդատար, բեռնատար, ռազմական, ձկնորսական են), ըստ կայմերի քանակության (մեկ. երկկայմանի և այլն), ըստ առագաստների ձևի՝ ուղիղ (բրիգ, բարկ, ֆրեգատ), թեք (շքունա, շլյուպ, տենդեր, կեչ, յոլ) և խառը (բրիգանտին, բարկենտին)։ Ա–երի իրանը լինում է փայտե կամ մետաղե։ Ա–երը հայտնի էին դեռևս հեռավոր անցյալում, մ. թ. մոտ 3000 տարի առաջ, Եգիպտոսում, Չինաստանում, Փյունիկիայում։ Բուռն զարգացում են ապրել IX-XIV դդ., սկցբում՝ Միջերկրական ծովի մերձափնյա երկրներում (այդ թվում նաև Կիլիկիայում), այնուհետև՝ Անգլիայում և Հոլանդիայում, ինչպես նաև Հին Ռուսիայում։ Իրենց լրիվ ծաղկմանն են հասել XIX դ. կեսերին, երբ սկսեցին կառուցվել օվկիանոսային արագընթաց Ա–երը՝ կլիպերները։ XX դ. շոգենավերի կառուցմամբ Ա–երն սկսեցին դուրս մղվել ասպարեզից։ Ներկայումս օգտագործվող (տեղական փոխադրումների, ձկնորսական, սպորտային, ուսումնական և այլ նպատակներով) Ա–երում առագաստների բացումն ու հավաքումը կատարվում է էլեկտրականության միջոցով, երբեմն տեղադրում են թիապտուտակով փոքր ջերմային շարժիչ՝ քամու բացակայության դեպքում նավը տեղաշարժելու համար։
