Jump to content

ՀՍՀ/ԱՌԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՌԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ, գեղարվեստական գրականության հին ճյուղերից մեկը։ Հին հունական գրականության մեջ Ա–յան անվանի դեմքերից է Եզովպոսը, հռոմեական գրականության մեջ՝ Փեդրոսը, ֆրանսիականում՝ ժ. Լաֆոնտենը, ռուսականում՝ Ի. Ա. Կռիլովը։ Ռուս սովետական առակագիրներից հայտնի է Ա. վ. Միխալկովը։ Հին ժամանակներից Ա. զարգացել է նաև արևելյան երկրներում, հատկապես՝ Հնդկաստսւնում։ Հայաստանում այն սկիզբ է առել թարգմանական առակներով, որոնց գլխավոր կոթողներն են «Բարվախոս» («Բարոյախոս») և «Ոլիմպիանի (Ողոմպիանի) առակներ» կոչված ժողովածուները։ Դրանք հունարենից թարգմանվել են V–VI դդ., ըստ ոմանց՝ VII դ.։ Հայկական ինքնուրհւյն Ա. Երևան է եկել XII դ.։ Նրա գլխավոր ներկայացուցիչներն են Մխիթար Գոշը և Վարդան Այգեկցին։ Ձեռագրերում հաճախ առակներ են կոչվու նաև Ներսես Շնորհալու հանելուկները։ Կան նաև հայկական անանուն առակների ժողովածուներ։ Այդպիսի ժողովածուներից, որոնց սովորաբար Վարդան Այգեկցու անունով «Վարդանյան ժողովածուներ» պայմանական անունն է տրվում, հանրածանոթ է «Աղվեսագիրք»–ը։ Դրանց համակողմանի հետազոտությունը և գիտական հրատարակությունը կատարել է Ն. Մառը։ Հայկական առակների շարքում տեղ են գտել նաև առակատիպ զրույցներ և բարոյախոսական նյութեր։ Ձեռագրերում առակների ժողովածուները հաճախ կրում են «Խրատք առակավոր բանից», «Խրատք գեղեցկայարմարք», «Խոսք իմաստանոց», «Պատմությունք օգտակարք» և այլ խորագրեր։ Առակներ են գրել Խ. Աբովյանը, Ղ. Աղայանը, Ա. Իսահակյանը և ուրիշներ։ Վերջին շրջանի հայ առակագիրներից հայտնի են՝ Խնկո–Ապերը, Ա. Դարբնին և Ս. Կորյունը։

Գրկ․ Մխիթար Գոշ, Առակներ, Ե․, 1951։ Марр Н. Я., Сборники притч Вардана, ч. 1-3, СПБ, 1894-99; Орбели И., Басни средневековой Армении, М.-Л., 1956. Հ․ Անասյան