ՀՍՀ/ԱՌԱՆ
ԱՌԱՆ (վրաց. Ռանի, պարսկ. և արաբ. Ռան, Արան, Ալ–Ռան), Մեծ Հայքի արևելյան երկրամաս։ Նախապես ընդգրկել է Խաչեն և Տրտու գետերի միջին ու ստորին ավազանները կամ Արցախ նահանգի Մեծառանք և Ուտիք նահանգի Առանռոտ, Առանձակ գավառները։ Ըստ Մովսես Խորենացու, Ա–ի և նրա իշխանական տների անունների ծագումը կապվում է ավանդական նախահայր հայկազուն Առանի հետ։ Այն Ա. են անվանել նաև պարսկ. հնագույն աղբյուրները։ Արաբական որոշ աղբյուրներում Ա., իբրև աշխարհագրական հասկացություն, տարածվել է Երասխ գետից մինչև Կովկասյան լեռնաշղթան։ Արաբական ավելի ուշ աղբյուրներում Ա. վերստացել է իր նախկին իմաստը։
Գրկ. Մովսես Խորենացի, Պատմություն Հայոց, Ե., 1968։ Մովսես Կաղանկատվացի, Պատմություն Աղվանից աշխարհի, Ե., 1969։ Արաբական աղբյուրները Հայաստանի և հարևան երկրների մասին, Ե., 1965։ Morquart J., Ērānšahr nach der Geographie des Ps. Moses Xorenac’i, B., 1901.
