Jump to content

ՀՍՀ/ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ, առաջին համաշխարհային իմպերիալիստական պատերազմի (1914–18) նախօրեին Արևելյան Հայաստանը մտնում էր Ռուսաստանյան կայսրության, Արևմտյան Հայաստանը՝ Օսմանյան կայսրության մեջ։ Հայկական հարցը բախվում էր մի կողմից թուրքական պետության շովինիստական ծրագրերին, մյուս կողմից՝ Մերձավոր Արևելքում եվրոպական տերությունների հետապնդած իմպերիալիստական շահերին։ Այդ պատճառով էլ պատերազմը մի աննախադեպ փորձություն եղավ հայ ժողովրդի, մասնավորապես, արևմտահայության համար։ 1908-ի երիտթուրքական հեղափոխությունը էական փոփոխություններ չմտցրեց Թուրքիայի սոցիալ–քաղաքական կյանքում: Ազգային հարցը ավելի սրվեց։ Հենվելով երկրի հետադիմական, ուժերի վրա՝ երիտթուրքերը ջանում էին պահպանել օսմանյան բռնապետությունը, ընդլայնել կայսրության սահմանները։ Մերձենալով կայզերական Գերմանիային՝ երիտթուրքական կառավարողները նպատակ ունեին նրա օգնությամբ իրագործել իրենց պանթյուրքական պլանները՝ զավթել Անդրկովկասը, հասնել Վոլգայի ափերը և Միջին Ասիա։ Պանթյուրքիզմը հռչակելով ազգային իդեալ նրանք հայտարարում էին, որ դրանով է արդարացվում Թուրքիայի մասնակցությունը համաշխարհային պատերազմին։ Որդեգրելով «Թուրքիան թուրքերի համար» նշանաբանը՝ երիտթուրքերը պետական քաղաքականության աստիճանի բարձրացրին պանթյուրքիզմի գաղափարախոսությունը։ Հայկական հարցը մեկընդմիշտ օրակարգից հանելու և պանթյուրքիզմի իրագործման ճանապարհին հայ ժողովրդի դիմադրությունը վերացնելու քաղաքականությունը գործնական հիմքի վրա դրվեց։ Մինչև պատերազմը երիտթուրքական պարագլուխներն արդեն մշակել էին արնմտահայերի բնաջնջման ծրագիրը (Սալոնիկի 1911-ի համագումարի հատուկ որոշումը)։ Պատերազմն այն հարմար առիթն էր, որը պետք է արձակեր երիտթուրքական ազգայնամոլների ձեռքերը և, միաժամանակ, նրանց ոճրագործությունը պատերազմական իրավիճակով արդարացնելու պատրվակ ստեղծեր։

Պատերազմի նախօրեին Օսմանյան կայսրությունում հայերի թիվը հասնում էր ավելի քան 2,3 միլիոնի, որի կեսն ապրում էր Արևմտյան Հայաստանի վեց նահանգներում։ Մահու և կենաց կռիվ մղելով իրենց մարդկային իրավունքների, ազգային ազատագրության համար, արևմտահայերը դրանց իրականացման հույսերը կապում էին Ռուսաստանի հետ։

Էնվեր–Թալեաթ–Ջեմալ եռապետության համար պատերազմը պատեհ առիթ էր՝ ձեռնամուխ լինելու արևմտահայության զանգվածային տեղահանության և բնաջնջման ոճրապարտ ծրագրի իրագործմանը։ 1915-ի սեպտ. 16-ին Հալեպի նահանգապետին ուղարկած հեռագրում Թուրքիայի ներքին գործերի մինիստր Թալեաթը գրում էր. «Նախապես ձեզ հայտնվել էր, որ Ջեմիեթի (Իթթիհաթական կոմիտեի) հրամանով կառավարությունը որոշել է գլխովին ոչնչացնել Թուրքիայում ապրող հայերին» (The Memoirs of Naim Bey. Turkish official documents relating to the Deportations and Massacres of Armenians. Compiled by Aram Andonian. London, 1920, p. 64)։

Հայությանը ոչնչացնելու նպատակով ստեղծված երիտթուրքական գործադիր հանձնաժողովի ցուցումով նախ զինաթափվեց, թիկունքային աշխատանքների ուղարկվեց, ապա սրի քաշվեց օսմանյան բանակում ծառայող 50–60 հզ. հայ երիտասարդ։ Այնուհետև, պատերազմական գոտուց բնակչությանը տեղափոխելու պատրվակով, թուրք, իշխանություններն սկսեցին հայերի զանգվածային տեղահանությունն ու ջարդը։

Հայ գաղթականներ

1915-ի ապրիլի 24-ից սկսած Կ. Պոլսից տարագրվեցին, ապա ճանապարհին խումբ–խումբ ոչնչացվեցին հայ նշանավոր մտավորականներ (գրողներ, բժիշկներ, իրավաբաններ, արվեստագետներ), նրանց թվում՝ Գրիգոր Զոհրապը, Սիամանթոն, Դանիել Վարուժանը, Ռուբեն Սևակը և ուրիշներ։ 1915–16-ին ամենայն դաժանությամբ տեղահանվեց, Միջագետքի անապատներն աքսորվեց ու ոչնչացվեց արևմտահայության մեծ մասը։ Արևմտյան Հայաստանի հայաշատ քաղաքներն ու գյուղերն ամայացան։ Ավերվեցին ու կրակի ճարակ դարձան բազմաթիվ պատմական հուշարձաններ։ Հարյուր հազարավոր մարդիկ գաղթեցին Ռուսաստան և Արաբական Արևելքի երկրներ (տես նաև Մեծ եղեռն)։ Արդեն 1915-ի օգոստոսին Թալեաթը լկտիաբար հայտարարեց, որ Հայկական հարց այլևս գոյություն չունի, և որ իրենց հաջողվեց երեք ամսում անել այն, ինչ չէր կարողացել անել Աբդուլ Համիդը երեսուն տարում («Ամերիկյան դեսպան Հ. Մորկենթաուի Հիշատակները և հայկական եղեռնին գաղտնիքները», ԿՊ, 1919, էջ 384)։ Նոր ժամանակների պատմության մեջ դա զանգվածային ցեղասպանություն (գենոցիդ) էր, որն ավելի լայնորեն գերմանական ֆաշիստները կիրառեցին հրեաների և սլավոնական ժողովուրդների նկատմամբ՝ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ 1939-ի օգոստոսին, Օբերզալցբուրգում կայացած ֆաշիստական մի խորհրդակցությունում, պահանջելով լեհերի բնաջնջումը, Հիտլերը ներկաներին հիշեցրեց հայերի նկատմամբ երիտթուրքերի գործադրած ցեղասպանությունը՝ հայտարարելով. «Այժմ, մեր ժամանակներում, այլևս ով է խոսում հայերի բնաջնջման մասին» («The New York Times», 1945, № 24)։ Արևմտահայությունը նախապատրաստված չէր ինքնապաշտպանության, չկար զենք ու զինամթերք, կազմակերպվածություն, միասնություն։ Դրան նպաստել էր նաև երիտթուրքերի հետ համագործակցելու դաշնակցության վնասակար գործելակերպը։ Մյուս կողմից, ունենալով որոշակի ակնկալություններ Անտանտի երկրներից, դաշնակցությունը դարձել էր ցարիզմի կամակատարը Անդրկովկասում և Թուրքիայում։ Եվ եթե հայերը ինքնապաշտպանական անձնազոհ մարտեր մղեցին թուրքական գերակշիռ ուժերի դեմ Վանում (տես Վանի հերոսամարտ 1915), Սասունում (տես Սասունի ինքնապաշտպանության 1915), Մուշում (տես Մուշի գոյամարտ 1915), Շապին–Գարահիսարում (տես Շապին–Գարահիսարի հերոսամարտ 1915), Ուրֆայում (տես Ուրֆայի հերոսամարտ 1915), Շատախում (տես Շատախի հերոսամարտ 1915) և Մուսա լեռան վրա (տես Մուսա լեռան հերոսամարտ 1915), ապա դրանք ապրելու և գոյատևելու նրանց անընկճելի ոգու դրսևորումներն էին միայն։ Սակայն դիմադրության այդ փոքրաթիվ օջախներն անկարող էին կանխել արևմտահայության մեծ ողբերգությունը:

Պատերազմի տարիներին Թուրքիայի դաշնակից Գերմանիան, որն ագրեսիվ նպատակներ էր հետապնդում Մերձավոր և Միջին Արևելքում, ռազմական, կազմակերպչական և բարոյական աջակցություն ցույց տվեց երիտթուրքերին արևմտահայության տեղահանման և բնաջնջման գործում։ Անտանտի կառավարող շրջաններն ու քաղաքական գործիչները փարիսեցիական ճառերից ու ցավակցական ժեստերից այն կողմ չանցան։ Հայ ժողովրդի համար այդ ճակատագրական պահին Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը բանակցություններ էին վարում Մերձավոր Արևելքի երկրներն ու Հայաստանը միմյանց միջև բաժանելու համար (տես Սայքս–Պիկոյի համաձայնագիր 1916)։ Այսպիսով, Եվրոպայի մեծ տերությունները իրենց իմպերիալիստական քաղաքականությամբ սանձազերծած համաշխարհային պատերազմով նպաստեցին արևմտահայերի ցեղասպանությանը և մեղսակից եղան հայ ժողովրդի ողբերգությանը։ Խաբեության զոհ դարձան հայկական հասարակական–քաղաքական այն շրջանները, որոնք իմպերիալիստական Արևմուտքի հետ էին կապում հայ ժողովրդի ազատագրման ու պետականության վերականգնման հույսերը։

Թուրքական կառավարողների ոճրագործության ու նրանց իմպերիալիստական հովանավորների դատապարտմամբ հանդես եկան սոցիալիստական ու բանվորական շարժման ականավոր գործիչներ՝

Ինքնապաշտպանական մարտեր Վանում, 1915-ի մայիս:
Կ. Լիբկնեխտը, Ռ. Լյուքսեմբուրգը, Ս. Մ.Կիրովը և ուրիշներ։ Հայ բոլշևիկները, որ ի սկզբանե դեմ էին եվրոպական դիվանագիտությանն ապավինելուն և ցարիզմի միջոցով թուրքահայ դատը լուծելու մտայնությանն ու գործելակերպին, դատապարտելով իմպերիալիստական պատերազմը, նշում էին նրա վտանգավորությունը աշխատավոր հայ ժողովրդի համար։ Նրանք բացահայտում էին իմպերիալիստական պետությունների կողմից փոքր ազգերին ազատագրելու մասին լայնորեն տարփողված լոզունգի ողջ խաբեությունը։ 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո Վ. Ի. Լենինը և բոլշևիկների կուսակցությունը դատապարտում էին ժամանակավոր բուրժուական կառավարության իմպերիալիստական պատերազմը շարունակելու քաղաքականությունը, նրա դիրքորոշումը Արևմտյան Հայաստանի հարցում։ Վ. Ի. Լենինը քննադատելով այդ քաղաքականությունը առաջ էր քաշում «անկախ հայկական հանրապետություն» ստեղծելու գաղափարը (Երկ., հ. 25, էջ 37)։ Սովետական կառավարության ընդունած առաջին որոշումներից էր «Թուրքահայաստանի մասին» դեկրետը (տես Դեկրետ «Թուրքահայաստանի Սասին»), որով նա պաշտպանում էր Արևմտյան Հայաստանի «ազատ ինքնորոշման իրավունքը՝ ընդհուպ մինչև լիակատար անկախություն» և գործնական միջոցներ ձեռնարկում հայ ժողովրդին օգնելու համար։

1918-ի գերմանա–թուրքական ինտերվենցիան Անդրկովկասում ոչ միայն խափանեց սովետական կառավարության դեկրետի կենսագործումը, այլև սպառնալիքի տակ դրեց հայ ժողովրդի ֆիզիկական գոյությունը նաև Արևելյան Հայաստանում։ Սարդարապատի հերոսամարտը (տես Սարդարապատի ճակատամարտ 1918) Արևելյան Հայաստանի բնակչությանը փրկեց կոտորածից:

1918–20-ին հայ ժողովրդի վիճակը թուրքական նոր ասպատակությունների, Հայաստանի հանրապետության դաշնակցական կառավարության հակաժողովրդական, պրոիմպերիալիստական քաղաքականության հետևանքով մնում էր ծանր (տես նաև Օտարերկրյա ռազմական ինտերվենցիա և քաղաքացիական կռիվներ Անդրկովկասում 1918–1921

Սուլթանական Թուրքիայի հետ Անտանտի տերությունների Սևրում կնքած պայմանագիրը (տես Սևրի հաշտության պայմանագիր 1920) նախատեսում էր կարգավորել նաև թուրք–հայկական սահմանային խնդիրները։ Սակայն Սևրի պայմանագրի իրագործումը խափանվեց ոչ միայն Մուստաֆա Քեմալի (տես Աթաթյուրք) գլխավորած ազգայնական շարժման հետևանքով, այլև այն պատճառով, որ Անտանտի պետություններն այլևս շահագրգռված չէին նրա իրականացմամբ։

1923-ի Լոզանի հաշտության պայմանագրով Անտանտի պետությունները ճանաչեցին Մուստաֆա Քեմալի իշխանությունը և փաստորեն ի չիք դարձրին Սևրի պայմանագրի Հայաստանին վերաբերող հոդվածները՝ Հայաստանն ու Հայկական հարցը զոհաբերելով իրենց իմպերիալիստական շահերին։Հայաստանում սովետական իշխանության հաստատումով (1920-ի նոյեմբ. 29) հայ ժողովուրդը փրկվեց կործանումից։ Սովետական Հայաստանը ձեռնամուխ եղավ պատերազմի հասցրած վերքերն ապաքինելու, հայ ժողովրդի բեկորները հայրենի հողի վրա հավաքելու, սոցիալիստական հասարակարգ կառուցելու գործին։

Գրկ. Հայ ժողովրդի պատմություն, հ. 7, Ե., 1967։ Մանդելշտամ Ա., Օսմանյան կայսրության ճակատագիրը և հայկական հարցը, մաս 1, ԿՊ, 1919։ Զավեն արքեպիսկոպոս, Պատրիարքական հուշերս, վավերագրեր և վկայություններ, Կահիրե, 1947։ Կիրակոսյան Ջ. Ս., Աոաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը. 1914–16 թթ., Ե., 1967։ Раздел азиатской Турции. По секретным документам б. министерства иностранных дел, под ред. Е. А. Адамова, М., 1924; Саркися Е. К., Экспансионистская политика Османской империи в Закавказье накануне и в годы первой мировой войны, Е., 1962; Геноцид армян в османской империи Сб. документов и материалов, под ред. М. Г. Нерсесяна, Е., 1966.; Toynbee A. J., Armenian Atrocities. The Murder of a Nation, L.-N.Y., 1915; Bryce V., The treatment of Armenians in the Ottoman Empire 1915-1916, L,. 1916; Lepsius J., Deutschland and Armenien, 1914-1918, Potsdam, 1919; Guttmann J., The Beginnings of Genocide. A Brief Account of the Armenian Massacres in World War I, N. Y., 1948. Ջ. Կիրակոսյան