ՀՍՀ/ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ 1914–18
ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ 1914–18 , անարդարացի, զավթողական պատերազմ իմպերիալիստական պետությունների երկու խոշոր խմբավորումների (Գերմանա–ավստրիական խմբավորում և Անտանա) միջև։ Կապիտալիզմի համաշխարհային սիստեմի հակասությունների սրման հետևանք էր։ XIX դ. վերջում աշխարհի տերիտորիալ բաժանումը կապիտալիստական պետությունների միջև հիմնականում ավարտվել էր։ Գաղութները և ազդեցության ոլորտեերը գլխավորապես պատկանում է,ին Անգլիային ու Ֆրանսիային։ Գերմանիան, Իտալիան, Հոլանդիան և Բելգիան ստիպված էին բավարարվել երկրորդական նշանակություն ունեցող գաղութներով։ ԱՄՆ գերիշխող դիրք էր գրավել Հարավային Ամերիկայում և Կարիբյան ծովի ավազանում։ Սրվել էին Ռուսաստանի և Գերմանիայի հակասությունները։ XX դ. շեմին Գերմանիան, տնտ. և ռազմական պոտենցիալով առաջ անցնելով Անգլիայից, պայքար էր սկսել գաղութների վերաբաժանման և համաշխարհային տիրապետության համար։ Հակասությունները սրվել էին նաև մյուս պետությունների միջև։ 1879-ին Գերմանիան ռազմական դաշինք կնքեց Ավստրո–Հունգարիայի հետ, որին 1882-ին միացավ նաև Իտալիան (տես Եռյակ միություն): Ի հակակշիռ դրան, 1893–1907-ին, ձևավորվեց Ֆրանսիայի, Անզլիայի և Ռուսաստանի ռազմական դաշինքը՝ Եռյակ համաձայնությունը (տես Անտանտ):
Ա. հ. պ. անարդարացի իմպերիալիստական պատերազմ էր։ Վ. Ի. Լենինը նշում էր, որ այն «… պատերազմ է ավազակային մեծ տերությունների երկու խմբերի միջև գաղութների բաժանման համար, ուրիշ ազգերին ստրկացնելու համար, համաշխարհային շուկայում օգուտներ ու արտոնություններ ունենալու համար» (Երկ., հ. 21, էջ 466)։ Գերմանիան, նպատակ ունենալով տիրապետող դիրք գրավել Եվրոպայում, ձգտում էր ջախջախել իր գլխավոր մրցակից Անգլիային, պարտության մատնել Ֆրանսիային, Բելգիային ու Հոլանդիային, զավթել նրանց գաղութները, թուլացնել Ռուսաստանին՝ նրանից օտարելով Լեհաստանը, Ուկրաինան և Մերձբալթիկան, ամրանալ Բալկաններում և Թուրքիայում։ Ավստրո–Հունգարիան մտադիր էր զավթել Սերբիան ու Չեռնոգորիան։ Թուրքիան ձգտում էր տիրանալ Անդրկովկասին։ Անգլիան հույս ուներ ջախջախել համաշխարհային շուկայում իր ամենավտանգավոր մրցակցին՝ Գերմանիային, Թուրքիայից զավթել Միջագետքն ու Պաղեստինը, ամրանալ Եգիպտոսում և պահպանել իր գաղութային կայսրությունը։ Ֆրանսիան ուզում էր վերադարձնել 1871-ին Գերմանիայի կողմից գրավված էլզասն ու Լոթարինգիան և զավթել Սաարի ավազանը։ Ռուսաստանը նպատակ ուներ գրավել Գալցիան ու Արևմտյան Հայաստանը, տիրանալ Կ. Պոլսին ու սևծովյան նեղուցներին։ Իտալիան, որը պատերազմի ընթացքում միացավ Անտանտին, շահագրգռված էր Ավստրո–Հունգարիայի պարտությամբ և ակնկալություններ ուներ Բալկանների նկատմամբ։ Ճապոնիան օգտվելով մեծ տերությունների հակամարտությունից Եվրոպայում, մտադիր էր զավթել Չինաստանի մեծ մասը և Գերմանիայի հեռավորարևելյան գաղութները։ Պատերազմի մեջ մտնելով 1917-ի ապրիլին՝ ԱՄՆ հույս ուներ օգտվել պատերազմող խմբավորումների թուլացումից և պարտադրել այնպիսի հաշտություն, որն առավելագույնս համապատասխաներ ամերիկյան իմպերիալիզմի համաշխարհային նկրտումներին։ Իմպերիալիստական պետությունները միաժամանակ աշխատում էին պատերազմն օգտագործել բանվոր դասակարգի հեղափոխական շարժումները սեփական երկրներում և ժողովուրդների ազգային–ազատագրական շարժումները գաղութներում ճնշելու համար։ II Ինտերնացիոնալի կուսակցությունների պարագլուխները, դավաճանելով բանվոր դասակարգին, հանդես եկան բուրժուական հայրենիքի պաշտպանության լոզունգով։ Բոլշևիկները Վ. Ի. Լենինի գլխավորությամբ մերկացնելով այդ սոցիալ–շովինիստական դիրքավորումը, բոլոր երկրների բանվորական կուսակցություններին կոչ էին անում առաջ քաշել սեփական կառավարության պարտության լոզունգը, հեղափոխական պայքար ծավալել իմպերիալիստական պատերազմը քաղաքացիական պատերազմի, բուրժուազիայի դեմ աշխատավորների պատերազմի վերածելու համար։
Պատերազմի անմիջական առիթ ծառայեց ավստրիական գահաժառանգ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունը սերբական ազգայնականների կողմից 1914-ի հունիսի 28-ին, Սարաևոյում։ Գերմանիայի խրախուսանքով, Ավստրո–Հունգարիան հուլիսի 23-ին Սերբիային ներկայացրեց այնպիսի վերջնագիր, որի կատարման դեպքում Սերբիան փաստորեն դադարում էր անկախ պետություն լինելուց, իսկ հուլիսի 28-ին ռազմական գործողություններ սկսեց նրա դեմ։ Ռուսաստանը հուլիսի 29-ին հայտարարեց մասնակի, իսկ հուլիսի 30-ին՝ լրիվ զորահավաք։ Գերմանիան օգոստ. 1-ին պատերազմ հայտարարեց Ռուսաստանին, իսկ օգոստ. 3-ին՝ Ֆրանսիային։ Անգլիան օգոստ. 4-ին պատերազմ հայտարարեց Գերմանիային։ Օգոստ. 23-ին Գերմանիայի դեմ ելավ ճապոնիան։ Հոկտ. 29-ին գերմանա–ավստրիական խմբավորմանը միացավ Թուրքիան։ Այնուհետև Անտանտի կողմում պատերազմի մեջ մտան Իտալիան (1915-ի մայիսի 23), Ռումինիան (1916-ի օգոստ. 27), ԱՄՆ (1917-ի ապրիլի 6)։ Պատերազմին սկզբում մասնակցում էր 8 պետություն՝ 732 մլն. բնակչությամբ (գաղութներով), պատերազմի վերջում նրա մեջ էին ներքաշված աշխարհի 59 պետություններից 33՝ ավելի քան 1,5 մլրդ. բնակչությամբ (երկրագնդի բնակչության 87%-ը)։ Պատերազմն ընդգրկել էր Եվրոպայի, Ասիայի և Աֆրիկայի ավելի քան 4 մլն. կմ2 տերիտորիա։ Սկզբում հակառակորդ կողմերը դուրս են բերել 484 դիվիզիա (9747 հզ. մարդ)։ Պատերազմի ընթացքում զենքի էր կոչվել մոտ 74 մլն. մարդ (Անտանտի երկրներում՝ 48355 հզ. և գերմանական խմբավորման երկրներում՝ 25160 հզ. մարդ)։ 1917-ի մայիսին հաշվվում էր 889 դիվիզիա (Անտանտ՝ 525, գերմ. խմբ. պետություններ՝ 364)։ Անտանտի պետությունների գերակշռությունը գերմանա–ավստրիական խմբավորման նկատմամբ ակնհայտ էր։ Սակայն գերմ. զինված ուժերը ունեին ավելի բարձր կազմակերպվածություն և մարտունակություն, ավելի շատ ծանր սպառազինություն, քան հակառակորդ բանակները։ Ընդհանուր առմամբ, Գերմանիան ավելի լավ էր նախապատրաստված պատերազմին, քան որևէ այլ պետություն։
1914-ի պատերազմաշրջան: Արևմտա–եվրոպական ռազմաբեմում պատերազմական գործողություններն սկսվեցին օգոստ. 4-ին՝ գերմ. զորքերի ներխուժումով Բելգիա։ Մինչև սեպտ. 5 գերմանացիները, հաղթահարելով ֆրանս. բանակի դիմադրությունը և մարտերը փոխադրելով Ֆրանսիայի տերիտորիան, մոտեցան Մառն գետին՝ սպառնալով Փարիզին։ Մառնի ճակատամարտում (1914) գերմ. բանակների կրած պարտությունից հետո, Արևմտյան ռազմաճակատում մինչև 1914-ի վերջը, փաստորեն, կայուն վիճակ ստեղծվեց։ Այդ նույն ժամանակամիջոցում Արևելյան և Կովկասյան ռազմաճակատներում իրականացվեցին Արևելապրուսական, Գալիցիական (տես Գալիցիական ճակատամարտ 1914), վարշավա–Իվանգորոդյան, Լոձի և Սարիղամիշի օպերացիաները (տես Սարիղամիշի օպերացիա 1914–15): Ընդսմին, եթե սկզբնական շրջանում Արևելյան Պրուսիայում ռուս, բանակները հաջողություն էին ունենում, ապա վերջում ծանր պարտաթյուն կրեցին (գեներալ Ա. Վ. Սամսոնովի բանակի ջախջախումը)։
1915-ի պատերազմաշրջան։ Գերմանիան իր հարվածի գլխավոր ուղղությունն ընտրել էր Արևելյան ռազմաճակատը։ Ռուսներն իրենց հերթին դիմեցին ակտիվ գործողությունների։ Ռազմական գործողություններն ընթանում էին փոփոխական հաջողություններով։ Մարտի 22-ին ռուս, զորքերը գրավեցին Պերեմիշլ ամրոցը։ Մայիս–հունիսին գերմանա–ավստրիական զորքերը ետ մղեցին ռուսներին, ապա գրավեցին Գալիցիան, Լեհաստանը և Մերձբալթիկայի մի մասը։ Գերմանական, ավստրո–հունգարական և բուլղարական զորքերը օկուպացրին Սերբիան և Չեռնոգորիան։ Նեղուցներն ու Կ. Պոլիսը գրավելու նպատակով անգլո–ֆրանսիական ուժերի ձեռնարկած ռազմածովային և ափհանման գործողությունները (Դարդանելի օպերացիա) ձախողվեցին։ Արևմտյան ռազմաճակատում մարտեր էին մղվում Շամպայնի, Արթուայի, Իպրի շրջաններում։ Ապրիլի 22-ին գերմանացիները առաջին անգամ օգտագործեցին թունավոր գազ։ Ռուսաստանի Կովկասյան բանակը Ալաշկերտի օպերացիայով (տես Ալաշկերտի օպերացիա 1915) Վանա և Ուրմիո լճերի շրջանը մաքրեց թուրքական բանակներից՝ ապահովելով Ռուսաստանի ազդեցությունը Իրանում և Աֆղանստանում պահպանելու ուղղությամբ ռուս, դիվանագիտության գործադրած ջանքերը։ Չնայած ռազմական ակտիվ գործողություններին ու կրած ծանր կորուստներին, 1915-ին, ինչպես և 1914-ին, կողմերից ոչ մեկին չհաջողվեց հասնել ռազմաքաղաքական և ստրատեգիական էական առավելության։ Անտանտը ձեռնամուխ եղավ Գերմանիայի տնտեսական շրջափակմանը։
1916-ի պատերազմաշրջան։ Գերմանիան փետր. 21-ին խոշոր հարձակում ձեռ– նարկեց Վերդենի շրջանում (տես Վերդենի ճակատամարտ 1916)։ Գեներալ Ա. Ա. Բրուսիլովի հրամանատարությամբ ռուս․ զորքերի հարձակումը Հարավ–Արևմտյան ռազմաճակատում (հունիսի 4) գերմանացիներին ստիպեց դադարեցնել ռազմական գործողությունները Վերդենի տակ։ Ավստրո–հունգարական բանակը գլխովին ջախջախվեց՝ տալով ավելի քան 1 մլն. սպանված ու վիրավոր և 400 հզ. գերի։ Կովկասյան ռազմաճակատում ռուս, զորքերը, հաջող հարձակում ձեռնարկելով, գրավեցին էրզրումը (տես Էրզրումի, օպերացիա 1916), Երզնկան (տես Երզնկայի օպերացիա 1916), Մամախաթունը, Տրապիզոնը (տես Տրապիզոնի օպերացիա 1916), Բիթլիսը ևն։ Կռվող կողմերի ուժասպառությունը և հասունացող հեղափոխական ճգնաժամը (հատկապես՝ Ռուսաստանում), Գերմանիային և Ռուսաստանին ստիպեցին անջատ հաշտություն կնքելու ուղիներ փնտրել։
1917-ի պատերազմաշրջան։ Անտանտը կենդանի ուժի և սպառազինությունների զգալի գերազանցություն ուներ գերմանական խմբավորման պետությունների նկատմամբ։ Սակայն անգլո–ֆրանսիական հարձակումը ապրիլ–մայիսին անհաջող անցավ։ Ռուսաստանում տեղի ունեցավ Փետրվարյան բուրժուա–դեմոկրատական հեղափոխությունը։ Ցարիզմը տապալվեց։ Ժամանակավոր կառավարությունը թեև շարունակեց պատերազմը, բայց, բանակի կազմալուծման հետևանքով, շոշափելի արդյունքի չհասավ։ Անտանտի պետությունները (ապրիլին նրանց միացավ ԱՄՆ) փորձեցին կանխել Ռուսաստանի դուրս գալը պատերազմից։ Նրանք ֆինանսավորում էին ռուսական հակահեղափոխությունը։ 1917-ի հոկտ. 25 (նոյեմբ. 7)–ին հաղթանակեց Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը, և Սովետական Ռուսաստանը դուրս եկավ պատերազմից։ Անտանտի պետությունները մերժեցին արդարացի հաշտություն կնքելու համար բանակցություններ սկսելու վերաբերյալ սովետական կառավարության առաջարկությունը։ Գերմանիան և Ավստրո–Հունգարիան շարունակում էին պատերազմը՝ ակնկալելով հաշտության շահավետ պայմաններ։
1918-ի պատերազմաշրջան: 1917-ի դեկտեմբերին սովետական կառավարությունը Գերմանիայի հետ անջատ հաշտության բանակցություններ սկսեց։ Գերմանական զորքերը խախտելով սովետական կառա–վարության հետ կնքած զինադադարը՝ փետրվարին հարձակման անցան ամբողջ ռազմաճակատի գծով։ Եվ միայն նորաստեղծ կարմիր բանակի, կարմիրգվարդիականների և հին բանակի հեղափոխական զինվորների վճռական դիմադրությունը գերմանական կառավարությանը ստիպեց վերսկսել բանակցությունները և կնքել Բրեստի հաշտությունը (տես Բրեստի հաշտություն 1918)։ Արևմտա–եվրոպական ռազմաբեմում գերմ. հրամանատարությունը 1918-ի մարտ–հուլիսին ձեռնարկեց մի շարք հարձակողական գործողություններ, որոնք, սակայն, էական հաջողություն չբերեցին։ Օգոստ. 8- 13-ի Ամիենի օպերացիայով դաշնակից զորքերը ծանր պարտության մատնեցին գերմ. բանակին։ Սեպտ. 26-ին անգլո–ֆրանսիական և ամերիկյան զորքերն անցան ընդհանուր հարձակման և գերմ. բանակներին ստիպեցին հեռանալ Ֆրանսիայի տերիտորիայից։ Սեպտ. 29-ին անձնատուր եղավ Բուլղարիան, հոկտ. 30-ին՝ Թուրքիան (տես Մուդրոսի զինադադար 1918), նոյեմբ. 3-ին՝ Ավստրո–Հունգարիան։ Նոյեմբ. 11-ին զենքը վայր դրեց Գերմանիան (տես Կոմպիենի զինադադար 1918)։
Ա. հ. պ. տևեց 4 տարի 3 ամիս և 10 օր։ Սպանվածների և վերքերից մահացածների թիվը կազմեց 10 մլն. մարդ, վիրավորների և հաշմանդամների թիվը՝ 20 մլն.։ Համաճարակից և սովից մահացավ 10 մլն. մարդ։ Ա. հ. պ. մեծագույն արհավիրքը եղավ հայ ժողովրդի համար (տես Առաջին համաշխարհային պատերազմը և Հայաստանը)։ Պատերազմող կողմերի ուղղակի ռազմական ծախսերը կազմեցին ավելի քան 200 մլրդ. դոլար (համապատասխան տարիների գներով)։ Պատերազմից հատկապես օգտվեցին կապիտալիստական խոշոր մոնոպոլիաներն ու հաղթանակած իմպերիալիստական պետությունները։ Աշխատավորական լայն զանգվածները մեծագույն զրկանքներ կրեցին։ Բուռն վերելք ապրեցին հեղափոխական պայքարը (առանձնապես՝ Ռուսաստանում, Հունգարիայում և Գերմանիայում), ինչպես նաև ճնշված ու գաղութային ժողովուրդների ազգային–ազատագրական շարժումները։
1919-ի հունիսի 28-ին Վերսալում հաշտություն կնքվեց Գերմանիայի (տես Վերսալի հաշտության պայմանագիր 1919), սեպտ. 10-ին՝ Սեն–Ժերմենում Ավստրո–Հունգարիայի հետ (տես Սեն–Ժերմենի հաշտության պայմանագիր 1919)։ Գերմանիան և Ավստրո–Հունգարիան կորցնելով գաղութներն ու զգալի տերիտորիաներ, դադարեցին մեծ տերություններ լինելուց։ Այնուհետև տարբեր ժամանակներում հաշտության պայմանագրեր կնքվեցին նաև պատերազմի մյուս մասնակիցների հետ։ Ավստրո–Հունգարիայի նախկին տերիտորիայի վրա ստեղծվեցին Չեխոսլովակիան, Հունգարիան, Ավստրիան։ Սերբիան միավորվելով Չեռնոգորիայի և Ավստրո–Հունգարիայի նախկին հարավ–սլավական նահանգների հետ (Հորվաթիա, Սլովենիա, Դալմաթիա, Բոսնիա և Հերցեգովինա), կազմեց Հարավսլավիայի Թագավորությունը։ Սևրի պայմանագրով (տես Սևրի հաշտության պայմանագիր 1920) Օսմանյան կայսրությունը զրկվում էր իր տիրապետություններից Միջագետքում, արաբական աշխարհում և մասամբ՝ Արևմտյան Հայաստանում։ ԱՄՆ, Անգլիան և Ֆրանսիան, Գերմանիային զրկելով գաղութներից ու ռազմածովային նավատորմից, պահպանեցին նրա ցամաքային զորքերը Սովետական Ռուսաստանի դեմ ապագա գործողությունների համար։ Անգլիան զավթեց գերմ. գաղութները Արևելյան և Հարավ–Արևմտյան Աֆրիկայում, Ֆրանսիան ետ ստացավ էլզասն ու Լոթարինգիան։ Նրան անցավ Կամերունի մեծ մասի, Տոգոյի կեսի մանդատը։ Ամերիկյան իմպերիալիստները վիթխարի շահույթներ ստացան ռազմական մատակարարումներից, ուժեղացրին համաշխարհային տիրապետության հասնելու իրենց ձգտումները (տես վաշինգտոնի կոնֆերանս 1921–22 և Վերսալ–Վաշինգտոնյան սիստեմ)։ Վերսալյան սիստեմը, որն ուղղված էր Սովետական Ռուսաստանի դեմ, չվերացրեց, այլ ուժեղացրեց իմպերիալիստական պետությունների հակասությունները և հող նախապատրաստեց երկրորդ համաշխարհային պատերազմի համար։
Քարտեզը տես 528–29 էջերի միջև՝ ներդիրում։
Գրկ. Լենին Վ. Ի., Պատերազմը և Ռուսաստանի սոցիալ–դեմոկրատիան, Երկ., հ. 21։ Նույնի, II Ինտերնացիոնալի կրախը, Երկ., հ. 21։ Նույնի, Սոցիալիզմը Ա պատերազմը, Երկ., հ. 21։ Նույնի, Իմպերիալիզմը, որպես կապիտալիզմի բարձրագույն ստադիա, Երկ., հ. 22։ Նույնի, Պրոլետարական ռևոլյուցիայի ռազմական ծրագիրը, Երկ., հ. 23։ Նույնի, Պատերազմ և ռևոլյուցիա, Երկ., հ. 24։ Նույնի, Պետություն և ռևոլյուցիա, Երկ., հ. 25։ Фей С., Происхождение мировой войны ч. 1-2, М., 1934. Зайончковский А., Мировая война 1914-18 гг., т. 1-2, 3 изд., М., 1938. Корсун Н. Г., Первая мировая война на кавказском фронте, М., 1946, Всемирная история т. 7, М., 1960. Готлиб В. В., Тайная дипломатия во время первой мировой войны, пер. с англ., М., 1960. Вержховский Д. В. и Ляхов В. Ф., Первая мировая война 1914-18 гг., М., 1964. Айрапетян М. Э. и Кабанов Н. Ф., Первая мировая империалистическая война 1914-18 гг., М., 1964.
