ՀՍՀ/ԱՌԱՍՏԱՂԱՊԱՏԿԵՐ
ԱՌԱՍՏԱՂԱՊԱՏԿԵՐ, պլաֆոն (ֆրանս. plafond – առաստաղ), գեղանկարչական կամ քանդակագործական (նաև ծեփածո) պատկերներով կամ ճարտարապետական–դեկորատիվ մոտիվներով զարդարված առաստաղ։ Ա. է կոչվում նաև որևէ շինության հարթ, թաղակապ կամ գմբեթավոր ծածկը գարդարող սյուժետային կամ զարդանկար մոնումենտալ–դեկորատիվ գեղանկարչական ստեղծագործությունը։ Ա–ները կարող են կատարվել անմիջականորեն սվաղի վրա (ֆրեսկոյով, յուղաներկով, սոսնձաներկով են), առաստաղին կպցված կտավի վրա, խճանկարով և այլ միջոցներով։ Առաստաղների նկարազարդումը տարածված է եղել Հին Եգիպտոսում, անտիկ աշխարհում։ Խճանկար և ֆրեսկային պատկերներով են զարդարվել բյուզանդական, ռուսական և այլ տաճարների գմբեթները։ Հայաստանում հատկապես տարածված է եկեղեցիների ու նրանց գավիթների (Էջմիածնի տաճար, Անիի Տիգրան Հոնենցի եկեղեցի, Հոռոմոսի վանք են) նկարազարդ և հիմնականում քանդակազարդ Ա–ները։ Ըստ Թովմա Արծրունու վկայության, մեծաշուք Ա. է ունեցել Գագիկ Արծրունու Աղթամարի պալատը (տաճարը), որի ճարտարապետը, քանդակագործն ու նկարիչն է եղել Մանուելը։ Գեղանկարչական Ա–ների դասական օրինակներ են թողել Վերածննդի վարպետներ Ա. Մանտենյան, Ռաֆայելը, Կոռեջոն, Պ. Վերոնեզեն, Յա. Տինտորետտոն։ Կերպարների վեհությամբ առանձնանում են Հռոմի Սիքստոսյան կապելլայի Ա–ները, որ կատարել է Միքելանջելոն 1508–12-ին։ Բարոկկոյի և ռոկոկոյի արվեստում առանձնապես հաճախ էր օգտագործվում ծածկը «թափանցելու» պատրանք ստեղծելու արտահայտչամիջոցը. ուժեղ ռակուրսներով պատկերվում էին երկինք թռչող ֆիգուրներ։ Այդ ժամանակ էլ տարածում գտավ սյունաշարեր, թաղեր ևն պատկերող Ա., որ ստեղծում էր ծածկից այն կողմ շարունակվող ճարտարապետական իրական տարածության պատրանքը։ Ա–ի արվեստը նոր ծաղկում ապրեց ՍՍՀՄ–ում։ Սովետական արվեստագետներից շատերը (Ե. Ե. Լանսերե, Ա. Ա. Դեյնեկա և ուրիշներ) հասարակական մոնումենտալ շինությունների (Մոսկվայի մետրոպոլիտենի կայարանների, թատրոնների, մշակույթի տների, հյուրանոցների ևն) համար ստեղծեցին մի շարք բարձրարվեստ Ա–ներ։
