Jump to content

ՀՍՀ/ԱՌԱՔԵԼ ԲԱՂԻՇԵՑԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

​ԱՌԱՔԵԼ ԲԱՂԻՇԵՑԻ (այլ անվամբ՝ Առաքել Պոռեցի, մոտ 1380–1454), հայ տաղերգու, մատենագիր, մանկավարժ, երաժիշտ, հասարակական–եկեղեցական գործիչ։ Ծնվել է Վասպուրականի Պոռ գյուղում։ Աշակերտել է Գրիգոր Խլաթեցուն (Ծերենց), նրա եղերական մահվան առթիվ գրել «Եղերերգութիւն ի մահ նահատակութեան Ծերենց Գրիգորի վարդապետի Խլաթեցւոյ» (1425) ե «Պատմութիւն քաջ և տիեզերալոյս վարդապետին մերոյ Գրիգորի Խլաթեցւոյ Ծերենցն» (1426)։ Ա. Բ–ու ստեղծագործության մեջ դրսևորվել է օտար բռնակալությունից հայերի ազատագրման ու պետականության վերականգնման գաղափարը։ Հայ ժողովրդի քաղաքական տրամադրությունները լիարժեք է արտացոլել առանձնապես «Ողբ մայրաքաղաքին Ստըմպօլայ» (1453) պատմա–քաղաքական պոեմը՝ գրված Կ. Պոլիսը թուրքերի կողմից գրավելու առթիվ։ Ա. Բ. ողբացել է բյուզանդական մայրաքաղաքի աղետալի ներկան, բայց խոր հավատ է արտահայտել, որ գալու է նվաճված ժողովուրդների, մասնավորապես՝ հայերի ու հույների, ազատագրության բաղձալի օրը։ Պոեմը միջնադարյան հայկ. պոեզիայի լավագույն նմուշներից է։ Թարգմանվել է ռուս, և ֆրանս.։ Ա. Բ. գրել է նաև պոեմներ՝ նվիրված հայ եկեղեցու գործիչներին ու քրիստոնեության տարածմանը Հայաստանում («Պատմութիւն սրբոյն Գրիգորի մեր Լուսաւորչին…», «Ներբողեան տաղաչափական ի վերայ վարուց Մեծին Ներսեսի…»)։

Ա. Բ. հայ հոգևոր երաժշտա–բանաստեղծական արվեստի զարգացման դասական շրջանի ավանդույթներին կապված վերջին ստեղծագործողներից է։ Գրիգոր Խլաթեցուն աշակերտած լինելու պարագան ցույց է տալիս, որ եղել է նաև խազագետ: Տաղաչափել է Հովասափի և Բարաղամի մասին վարքաբանական միջնադարյան վեպը («Տաղ Յովասափու», 1434), որը հատուկ տեղ է գրավում հայ երաժշտության պատմության մեջ։ Ինչպես երևում է ստեղծագործության հիշատակարանից և խազավոր ձեռագրերում հանդիպող մի շարք բնորոշ ցուցումներից, այն եղանակավոր (ասերգի ձևով) պատմվել ու հատվածաբար (մեջ–ընդմեջ) երգվել է։ Հորինել է տաղեր, գանձեր, ողբեր ու այլ երգեր, որոնք ցրված են գրչագիր ժողովածուներում և դեռ ուսումնասիրված չեն երաժշտական առումով։ Ա. Բ., որպես եկեղեցական, հավատարիմ մնաց քրիստոնեական վարդապետությանը, որպես բանաստեղծ՝ կյանքի պահանջներին ու ժամանակի ոգուն։ Նա գրաբարից չի հրաժարվել, բայց, հատկապես պոեմներում, լեզուն մոտեցրել է ժողովրդական լեզվամտածողությանը, նպաստել գրականության աշխարհականացմանը։

Գրկ. Ղազար Ճահկեցի, Գիրք աստուածաբանական որ կոչի դրախտ ցանկալի, ԿՊ, 1735։ Ալիշան Ղ., Հայապատում, Վնտ., 1901, մաս 1, էջ 126։ Աբեղյան Մ., Երկ., հ. 4, Ե., 1970, էջ 441–43։ Անասյան Տ., հայկական մատենագիտություն, հ. 1.Ե., 1959, էջ 1106-43։ Ղազինյան Ա. Ա., Առաքել Բաղիշեցի (կյանքը), «ԼՀԳ», 1966, № 11։ Նույնի, Առաքել Բաղիշեցու «Տաղ Յովասափու» պոեմը, «ՊԲՀ», 1965, № 4։ Ա. Ղազինյան