Jump to content

ՀՍՀ/ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՌԱՔԵԼ ՍՅՈՒՆԵՑԻ (ծն. մոտ 1350–1425), հայ տաղերգու, փիլիսոփա, քերական, երաժշտության տեսաբան, եկեղեցական գործիչ։ Կրթությունն ստացել է Տաթևի համալսարանում, աշակերտել Հովհան Որոտնեցուն և Գրիգոր Տաթևացուն, որի քրոջ որդին էր։ 1407-ից Սյունյաց արքեպիսկոպոսն էր։ Մեծապես նպաստել է Տաթևի գիտա–լուսավորական կենտրոնի բարգավաճմանը:

Ա. Ա–ու ստեղծագործությունը գաղափարական տեսակետից բարդ և հակասական է։ Նա անհրաժեշտ է համարել հայ ժողովրդի ազգային ավանդներն ու լուսավորչական դավանանքն անաղարտ պահելը, բայց և իր երկերում արտացոլել է քրիստոնեական դավանանքի նկատմամբ այն թերահավատությունը, որ ծլարձակել էր իրականության մեջ։

Ա. Ս–ու գեղարվեստական լավագույն գործը «Ադամգիրք»–ն է (1403, հրտ. 1799), որը պարունակում է երեք պոեմ։ Հենքը Ադամի ու Եվայի մեղանչման, դրախտից նրանց արտաքսման աստվածաշնչային ավանդությունն է։ Ա. Ս. քնարականությամբ, հոգեբանական անցումներով է պատկերել առաջին զույգի մարդկային տառապանքը։ «Ադամգիրք»–ը կորսված դրախտի արևելյան մի տարբերակ է. այդ տեսակետից ունի համաշխարհային նշանակություն։ Այդ երկին սերտ աղերսվում է «Դրախտագիրք»–ը։ Երկրային դրախտից արտաքսված, տառապանքի դատապարտված մարդկությանը Ա. Ս. ցանկանում է առաջնորդել երկնային վայելքների հավիտենական դրախտը։ Հակադիր պատկերների զուգորդմամբ ձգտում է սեր արթնացնել բարու և արգահատանք՝ մեղքի նկատմամբ։ Ա. Ս. գործածել է ժող. բառաձևեր, տաղաչափական հնարանքներ։ Նա ակրոստիքոսի վարպետ էր։

Ա. Ս–ու փիլիսոփայության մեջ շեշտված է կրոնա–իդեալիստական կողմը, գտնում էր, որ առանց աստծո գաղափարի փիլիսոփայությունը չի կարող գոյություն ունենալ։ Դա նահանջ էր Տաթևի դպրոցի աշխարհիկ գիտա-փիլիսոփայական առա– առաջավոր դիրքերից։ Իմացաբանության մեջ Առաքել Սյունեցին պաշտպանել է Տաթևի դպրոցի զարգացրած առաջադեմ նոմինալիստական սենսուալիստսւկան գաղափարները։ Ըստ Առաքել Սյունեցու, աշխարհի ճանաչումն առանց զգայարանների հնարավոր չէ։

Առաքել Սյունեցին զբաղվել է նաև երաժշտության տեսության հարցերով։ Առաքել Սյունեցու «Ադամգիրք»–ը հորինվածքով դրամատիկական երկ է։ Ենթադրվում է, որ ունեցել է երաժշտական ձևավորում, ներկայացվել որպես միստերիա։ Նրանից մեզ հասած հոգևոր տաղերը երաժշտական առումով վերջնականապես ուսումնասիրված չեն։

Երկեր՝ Լուծումն, յաղագս Սահմանացս Դաւթի Անյաղթի…, Մադրաս, 1797 թ. (Դավիթ Անհաղթի «Գիրք Սսւհմանաց»–ի հետ)։ Ադամգիրք, Վենետիկ, 1907 թ.։ Դրախտագիրք, Վենետիկ, 1956 թ.։

Գրականություն՝ Գապասաքալյան Գ., Գիրք երաժշտական, ԿՊ, 1803 թ.։ Ալիշան Ղ., Հայապատում, Վենետիկ, 1901 թ., էջ 126։ Պոտուրյան Մ., Առաքել Սյունեցի և իր քերթվածները, Վենետիկ, 1914 թ.։ Ա. Ղազինյան, Ս. Արևշատյան, Ն. Թահմիզյան