ՀՍՀ/ԱՌԱՔԵԼ XIV ԴԱՐԻ ՄԱՆՐԱՆԿԱՐԻՉ
ԱՌԱՔԵԼ (ծն. և մահ. թթ. անհտ.), XIV դարի հայ մանրանկարիչ։ Ստեղծագործել է Սուրխաթում, Կաֆայում (Ղրիմ)։ 1347-ին և 1356-ին նկարազարդել է երկու Ճաշոց (Երուսաղեմի մատենադարան, ձեռ. № 22, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. № 7408)։ Նրան են վերագրվում նաև 1360-ի՝ Կաֆայում ծաղկված Ճաշոցի և Կոքսուում (Կաւքսու) ընդօրինակված XIV դ. ժողովածուի (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, №№ 7741, 8029) մանրանկարները։ Ա–ի արվեստին բնորոշ է գույների արտասովոր հագեցվածությունը, հատկապես շեշտված է մուգ կապույտի և մանուշակագույնի համադրությունը, որը ոսկու ժլատ օգտագործման միջոցով գունաշարին հաղորդում է հնչեղություն։ Հավասարապես տիրապետել է թե՛ երփնագրին և թե՛ գծանկարին։ Նա Ղրիմի այն լավագույն վարպետներից է, որ շարունակել է հայ մանրանկարչության ավանդույթները՝ մասնակիորեն կիրառելով նաև Ղրիմում հաստատված մյուս ժողովուրդների գեղանկարչության նվաճումները։ Ա-ի արվեստը խորապես ազգային է։
Գրկ․ Կորխմազյան Է․, Ղրիմի հայ մանրանկարիչ Առաքելը, «ԲՄ», 1962, № 6։
