ՀՍՀ/ԱՌԵՎԱՆԳՈՒՄ
ԱՌԵՎԱՆԳՈՒՄ, 1. ամուսնության հնամենի ձև, երբ ամուսնանալու նպատակով աղջիկ էին փախցնում առանց նրա կամ ծնողների կամքը հարցնելու։ Առաջ է եկել հայրիշխանության (պատրիարխատի) ժամանակ այն ցեղերի մեջ, որոնք ընդունում էին արտամուսնությունը։ Առևանգման օրինական է եղել նաև Հայաստանում՝ հեթանոսության շրջանում։ Քրիստոնեությունը, մտցնելով եկեղեցական ամուսնությունը, արգելեց առևանգումը, հանցագործություն համարեց հարսնացուի հափշտակումը։ Թեև եկեղեցին և պետությունը հետապնդում ու պատժում էին առևանգողին, սակայն առևանգումը երբեմն այս ու այնտեղ հարություն էր առնում ժողովրդական բարքերում, որպես հարս առնելու դյուրին, բայց համարձակ միջոց։
2. Շահադիտական կամ այլ դրդապատճառներով ուրիշի երեխա, ինչպես նաև պետական գործիչների և դիվանագիտական ներկայացուցիչների փախցնելը։ Նման արարքները հակասում են ներպետական և միջազգային իրավունքների սկզբունքներին և նորմերին։
