ՀՍՀ/ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ
ԱՌԵՎՏՐԱԿԱՆ ՀԱՇՎԵԿՇԻՌ, արտահանման և ներմուծման արժեքների հարաբերակցությունը որոշակի ժամանակամիջոցում (տարի, եռամսյակ, ամիս)։ Առևտրական հաշվեկշիռը կոչվում է ակտիվ, երբ արտահանումը գերազանցում է ներմուծմանը, և պասսիվ, երբ ներմուծումն է գերազանցում արտահանման չափերը։ Երբ ներմուծումն ու արտահանումը հավասարաչափ են, առևտրական հաշվեկշիռը կոչվում է նետտո–հաշվեկշիռ։ Առևտրական հաշվեկշռի նշանակությունը մեծ է տվյալ երկրի տնտեսության մեջ այնքանով, որքանով մեծ է առևտրական գործարքների տեսակարար կշիռը։ Առևտրական հաշվեկշիռը հիմնականում կազմվում է երկրի մաքսային վիճակագրության տվյալներով. ներմուծումը հաշվարկվում է ՍԻՖ (սկզբնատառերը անգլերեն cost, insurance, freight - գին, ապահովություն, բեռ բառերի), այսինքն՝ ապրանքների արժեքը, ներառյալ ապահովագրության ու փոխադրման ծախսերը գներով, իսկ արտահանումը՝ ՖՕԲ (FOB) բանաձևով (սկզբնատառերը անգլերեն free of board–ազատ է նավահանգստում բառերի), այսինքն՝ միայն ապրանքների արժեքն ու առաքման վայրում դրանց բեռնման ծախսերը։
Ապրանքային հաշվեկշռի վիճակով բնութագրվում է երկրի տնտեսության զարգացման և ուրիշ երկրների նկատմամբ նրա տնտեսական ինքնուրույնության աստիճանը։ ԽՍՀՄ ապրանքային հաշվեկշիռը ակտիվ է, թեև բացառված չէ նաև պասսիվ ապրանքային հաշվեկշիռ առանձին երկրների հետ։
