ՀՍՀ/ԱՌԵՎՏՐԻ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅՈՒՆ ՀՍՍՀ
ԱՌԵՎՏՐԻ ՄԻՆԻՍՏՐՈՒԹՅՈՒՆ ՀՍՍՀ, իրականացնում է մեծածախ և մանրածախ առևտրի ղեկավարությունը և քաղաքների ու բանվորական ավանների հասարակական սննդի կազմակերպման գործը Հայկական ՍՍՀ–ում։ Ա. մ–յան կազմի մեջ են մտնում առևտրի կազմակերպման և փորձի փոխանակման, արդյունաբերական ապրանքների, մթերային ապրանքների առևտրի, կոլտնտեսային շուկաների և այլ վարչություններ, հասարակական սննդի գլխա– վոր վարչությունը, բաժիններ ևն։ Ա. մ. առևտուրը ղեկավարում է քաղսովետների գործկոմների առևտրի վարչությունների և առանձին մանրածախ առևտրական կազմակերպությունների, տրեստների ևնի միջոցով, որոնք ընդգրկվում են այդ մինիստրության միասնական համակարգի մեջ։ Ա. մ. միջոցներ է ձեռնարկում առևտրի ապրանքաշրջանառության զարգացման համար, կարգավորում է սպառողական կոոպերացիաների և այլ գերատեսչությունների առևտրական գործունեությունը։
Առևտրի հարցերով զբաղվող առաջին պետական մարմինը՝ Արտաքին առևտրի ժողկոմատը, Սովետական Հայաստանում ստեղծվել է 1920-ի դեկտեմբերին՝ ՀՍՍՀ Հեղկոմի հրամանով։ Այն գլխավորում էր Ի. Դովլաթյանը։ Ռազմական կոմունիզմի քաղաքականության և պարենմասնատրման պայմաններում մթերքների հայթայթման և բաշխման հարցերով զբաղվում էին Պարենավորման ժողկոմատը և Հայկոոպը, որը 1921-ի դեկտեմբերի սկզբին վերածվեց Կենտրոնական կոոպերատիվային վարչության։ Այդ վարչության հրապարակած շրջաբերականով մասնավոր առևտուրը վերացվում էր և առևտուրը պետական մթերքների հետ միասին ամբողջությամբ հանձնվում էր կոոպերատիվներին, որոնք որպես բաշխման և մատակարարման ապարատներ ենթարկվում էին Պարենավորման ժողկոմատին կից Կենտրոնական կոոպերատիվային վարչությանը։ Ներքին առևտրի ասպարեզում այդ վիճակը շարունակվեց նաև նէպի պայմաններում մինչև 1924-ը։ ՀՍՍՀ Հեղկոմը ժողկոմխորհի վերակազմելու կապակցությամբ (1921-ի մայիս) Պարենավորման և արտաքին առևտրի ժողկոմ նշանակվեց Ա. Բեկզադյանը։ Նույն թվականին, ավելի ուշ, Պարենավորման ժողկոմ դարձավ Ա. Իվանյանը։ ԱՍՖՍՀ կազմավորման կապակցությամբ (1922-ի դեկտեմբեր) պարենավորման և արտաքին առևտրի կարգավորման իրավասությունն անցավ ԱՍՖՍՀ Արտաքին առևտրի և Պարենավորման ժողկոմատներին, որոնք գործում էին միավորված ժողկոմատների իրավունքով։ 1924–37-ին ՀՍՍՀ–ում գործել են ԱՍՖՍՀ Ներքին առևտրի ժողկոմատի Հայաստանի լիազորները։ 1937-ին, ԱՍՖՍՀ լուծարքից հետո, ՀՍՍՀ–ում վերստեղծվեց Ներքին առևտրի ժողկոմատը։ Ներքին առևտրի ժողկոմի պաշտոնը վարել են Ա. Դաստակյանը, Ե. Խաչիկյանը (1937–38), առևտրի ժողկոմներ են եղել Ա. Աբրահամյանը (1938–43), Ս. Սարզարյանը (1943–46)։ 1946-ի մարտի 15-ին Առևտրի ժողկոմատը վերակազմվեց առևտրի մինիստրության։ ՀՍՍՀ առևտրի մինիստրներ են աշխատել Ռ. Ազիզբեկյանը (1946–1948), Ռ. Քալանթարը (1948–52), Ա. Հովհաննիսյանը (1952–53), Զ. Չարչյանը (1953–57), Ա. Փիրուզյանը (1957–62), Դ. Վարդանյանը (1962–65), Լ. Վարդանյանը (1965–69), Կ. Ռուխիկյանը (1969–1972), 1972-ից մինիստրն է Հ. Հովհաննիսյանը։
