ՀՍՀ/ԱՌԼ
ԱՌԼ (Arles), քաղաք Ֆրանսիայի հարավում, Պրովանսում, Բուշ–դյու–Ռոն դեպարտամենտում։ Նավահանգիստ Ռոն գետի ստորին հոսանքում։ 48 հզ. բն. (1968)։ Երկաթուղային հանգույց է, մետալուրգիայի, մեքենաշինության և քիմիական արդյունաբերության կենտրոն։ Հիմնադրել են հույները (Theline)։ Մ. թ. ա. II դ. վերջին նվաճել են հռոմեացիները։ Կեսարի օրոք եղել է հռոմեական գաղութ (մ. թ. ա. I դ.), և մ. թ. սկզբին հասել բարձր զարգացման։ IV դ. հռոմեական կայսր Կոստանդին Մեծի աթոռանիստն էր, միջին դարերում՝ Առելաթ թագավորության կենտրոնը։ Ա–ում պահպանվել են հին հռոմեական հուշարձաններ (Օգոստոսի ժամանակվա թատրոնը, ավելի ուշ շրջանի ամֆիթատրոնը, 1651-ին պեղված Առլյան Վեներայի արձանը, այժմ՝ Լուվրում ևն), միջնադարյան Սեն–Տրոֆիմ եռանավ բազիլիկը (VIII–XV դդ.), որ հայտնի է ռոմանական քանդակազարդ շքամուտքով (մոտ 1180–1200)։ Գործում են՝ Հեթանոսական և Քրիստոնեական (երկուսն էլ՝ հնագիտական), Առլատան ազգագրական, Ռեատտյու գեղարվեստական թանգարանները։ Ա. տուրիզմի կենտրոն է։
